«Բանակցային գործընթացի հիմքում ընկած սկզբունքները մեկ ամբողջություն են»
06/12/2013 16:21

«Բանակցային գործընթացի հիմքում ընկած սկզբունքները մեկ ամբողջություն են»

Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը վերադարձել է բանակցությունների սեղանին՝ կառուցողական մոտեցմամբ: Այս մասին, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ ունեցած իր ելույթում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին, մոտ 2 տարվա ընդմիջումից հետո, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի արդյունքը նախագահների կողմից, ընդհանուր առմամբ, դրական գնահատվեց:

ԱԳ նախարարը, անդրադառնալով Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից տարածվող 5 համատեղ հայտարարություններին, նշեց, որ Հայաստանը կիսում է միջազգային հանրության այն տեսակետը, թե խաղաղության, կայունության և հաշտեցման կարելի է հասնել միայն խաղաղ բանակցությունների միջոցով:

Նախարարը նշեց, որ հայկական կողմը կիսում է համանախագահ երկրների այն դիրքորոշումը, որ բանակցային գործընթացի հիմքում ընկած սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են և դրանց ընտրողաբար մոտենալով դժվար կլինի հասնել խնդրի կարգավորմանը:

«Մենք համաձայն եք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի»,- ընդգծեց Է. Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ կառուցողական մոտեցումները կնպաստեն ոչ միայն հիմնարար սկզբունքների համաձայնության հարցում հաջողությունների հասնելու, այլ նաև զինադադարի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման և սահմանագծին տեղի ունեցող միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմների ներդրման հարցում:

Նախարարը ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման հարցում, միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի ու Թուրքիայի սահմանը շարունակում է փակ մնալ:

Նշենք, որ դեկտեմբերի 4-6-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթանում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: 

«Բանակցային գործընթացի հիմքում ընկած սկզբունքները մեկ ամբողջություն են»