«Իրավունքի երթը» մեկնարկեց. «Մեզ միավորում է պայքարը»
10/12/2013 13:39

«Իրավունքի երթը» մեկնարկեց. «Մեզ միավորում է պայքարը»

Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, ազատամարտիկները, ինչպես նաև մի շարք նախաձեռնությունների ակտիվիստներ կազմակերպել են «Իրավունքի երթ»: Երթը մեկնարկել է Ազատության հրապարակից ու կշարունակվի մինչև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

«Մարդու իրավունքները, ազատությունն ու ինքնիշխանությունը հավասարազոր արժեքներ են»,- այս մասին Ազատության հրապարակում երթի մեկնարկին ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

«Ես այստեղ տեսնում եմ մի շարք նախաձեռնությունների անդամների, ովքեր պայքարում են տարբեր իրավունքների համար: Մեկը չի ցանկանում, որ պղծվեն մեր մշակութային կոթողները, մյուսը դեմ է տարատեսակ վճարներին, երրորդը՝ թանկացումներին: Մեր օրակարգերը շատ բազմազան են, բայց մեզ միավորում է մի բան՝ պայքարը»,- ասաց Լևոն Զուրաբյանն ու ավելացրեց.

«1988թ.-ին էլ կային տարբեր նախաձեռնություններ, բայց այդ բոլոր նախաձեռնություններին միավորում էր պայքարի գաղափարը, որը Արցախի անկախության ու Հայաստանի ժողովրդավարության համար էր: Միասնությունն այդ տարիներին մեզ դարձրեց անպարտելի»:

Այնուհետև, ՀԱԿ պատգամավորը հրապարակում համավքված քաղաքացիների համար ընթերցեց Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևի տեքստը, որն ինքը պատրաստվում է ներկայացնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

«Իրավունքի երթի մասնակիցների ուղերձը՝ ՀՀ ժողովրդին ու միջազգային հանրությանը:
Երթի մասնակիցների անունից ցանկանում ենք արձանագրել, որ մարդու իրավունքները Հայաստանում սիստեմատիկորեն խախտվում են և այսօր մեր ժողովուրդը չունի ու չի իրացնում իշխանություն ընտրելու իր իրավունք: Խնդրում եմ հավաքվածներին հավանություն տալ այս բանաձևին կամ՝ մերժել այն»,- հայտարարեց պատգամավորը:

Ազատության հրապարակում հավաքված մարդիկ հավանություն տվեցին բանաձևին, որից հետո սկսվեց բուն երթը: Նշենք, որ դեկտեմբերի 10-ին «Իրավունքի երթն» անցկացվում է արդեն վեցերորդ տարին:

 

«Իրավունքի երթը» մեկնարկեց. «Մեզ միավորում է պայքարը»