«Նոր Հալեպ» թաղամասի հատակագիծն ու պայմանները ներկայացվել են սիրիահայերին
11/12/2013 19:27

«Նոր Հալեպ» թաղամասի հատակագիծն ու պայմանները ներկայացվել են սիրիահայերին

Այսօր կայացել է հավաք-հանդիպում սիրիահայերի հետ՝ «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները ներկայացնելու նպատակով:

Հատակագծի հեղինակներն են Ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանները, ովքեր ներկայացրել են «Նոր Հալեպ» թաղամասի արդիական և միջազգային չափանիշներին համապատասխան հատակագծի ճարտարապետական լուծումները: Ծրագրով նախատեսված է կառուցել 485 բնակարան:

Հանդիպմանը մասնակցում էին այն սիրիահայերը, ովքեր ցանկություն են հայտնել և հաշվառվել են թաղամասում բնակարաններ ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարությունից:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ հայրենիքում սիրիահայերի հիմնավորման և բնակարաններ ձեռքբերելու նպատակով ՀՀ Նախագահի հանձնարարությամբ լուծվել են Աշտարակ քաղաքում հողատարածք տրամադրելու հարցերը, այժմ տեր և տիկին Թութունջյանները ներկայացնում են թաղամասի ամբողջականացված հատակագիծը:

Նախատեսվում է համայնքին տրամադրել սպասարկման առաջին ոլորտները՝ խանութներ, դեղատուն, սրճարան, ավտոկանգառներ, բազմաֆունկցիոնալ ակումբ, լողավազան և այլն:

ՀՀ Կենտրոնական բանկի, «Կոնվերս» և «Հայբիզնես» բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են «Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար սիրիահայերին առաջարկվող հիպոթեկային վարկերի տրամադրման պայմանները և «Վարկեր երիտասարդ ընտանիքներին» վարկային ծրագիրը, պատասխանեցին դրանց հետ կապված սիրիահայերի հարցերին:
 

«Նոր Հալեպ» թաղամասի հատակագիծն ու պայմանները ներկայացվել են սիրիահայերին