.jpg)
«Բելառուսում ավելացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»
«Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախման հավանակությունը նվազել է և այն գործընթացները, որոնք այսօր տեղ են ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև դրական ազդեցություն կթողնեն տարածաշրջանային զարգացումների վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանում կայանալիք «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովին՝ ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Հարավային Կովկասում տեղի են ունենում կարևոր զարգացումներ՝ՀՀ-ը որոշում է կայացրել անդամակցել Մաքսային Միությանը, իսկ Վրաստանն էլ փորձում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Իր հերթին, Բելառուսի Եվրոպական ինտեգրացիայի կենտրոնի տնօրեն Յուրի Շևցովը նշեց, որ ՀՀ-ի՝ Մաքսային Միությանը անդամակցելու որոշումից հետո Բելառուսում ավելացավ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
«Բելառուսը հետաքրրված է այն իրավիճակով, որ տիրում է Հարավային Կովկասում և ինչպիսին կարող է լինել ՀՀ-ի դերը Մաքսային Միությունում»,-նշեց Յ.Շևցովը:
Հանդիպման մեկ այլ մասնակից, Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Թեհրանից ժամանած Կայեն Բարզեգարը, անդրադառնալով Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նշեց, որ Իրանի անվտանգության գաղափարը կարելի է բաժանել երկու մասի՝ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը Հարավային Կովկասում և Իրանի և Արևեմուտքի համագործակցությունը:
«Սիրիական ճգնաժամը ցուցադրեց, թե ինչքանով է Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումը մոտ՝ սիրիական հարցով: Սիրիայի ճգնաժամը ցուցադրեց, թե ինչ կարևոր դեր են խաղում տարածաշրջանում Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան»,-նշեց Բարզեգարը:
Նրա խոսքով՝ Իրանի նոր քաղաքականությունը Արևմուտքի նկատմամբ խաղաղություն և անվտանգություն կբերեն Հարավային Կովկասի տարածաշրջանին: