Պ. Մակեյան. Երեք նախագահներին պետք է ստիպել հեռանալ քաղաքականությունից
18/12/2013 15:07

Պ. Մակեյան. Երեք նախագահներին պետք է ստիպել հեռանալ քաղաքականությունից

ՀՀ երեք նախագահները պետք է քաղաքական արենայից դուրս մղվեն, որովհետև երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են երեքն էլ: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

ՀՀ երեք նախագահներին, շարունակեց խոսքը Պ. Մակեյանը, պետք է պարտադրել, որ նրանք դուրս գան քաղաքականությունից, քանի որ կամավոր նրանք չեն հեռանա:

«Կամավոր նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հեռանա: Երեք նախագահների՝ հատկապես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մեջ վախ կա: Եթե չվախենային, օրինակ, գազի գինը գաղտնի չէին բարձրացնի»,- ասաց Պ. Մակեյանը` հավելելով, որ հեռանալուց հետո նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արածների համար, հատկապես, ըստ Մակեյանի, Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով հարցին, թե ո՞վ պետք է պարտադրի նախագահներին հեռանալ քաղաքականությունից, Պ. Մակեյանը նշեց, որ պետք է  պսևդո ընդդիմությունը տարանջատել իրական ընդդիմությունից, բայց. «Մեր գործընկերը պետք է լինի ժողովուրդը: Մենք պետք է հիշենք, որ 2008-2011-ին ընդդիմությունը օրակարգ էր պարտադրում իշխանություններին, իսկ գարնանը, երբ ընդդիմությունը թույլ տվեց մի քանի սխալ, թուլացավ, քանդվեց, բաժան-բաժան եղավ, բայց դա ժամանակավոր է»: 

Խոսելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հիմնած «Քաղաքացիական պայմանագրի» հնարավորությունների մասին` Պ. Մակեյանն ասաց, որ ինքը` Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի հետ եկար ճանապարհ է անցել. «Մենք միշտ եղել ենք շարժումների առաջին կարգերում՝ անկախ նրանից, թե ով է առաջնորդը ու դա արել ենք առանց նախապայմանների»:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցելուն, ապա այս դեպքում Պ. Մակեյանը առաջ քաշեց նախապայման, որն այս դեպքում 3 նախագահներին քաղաքականությունից հեռանալու պարտադրանքն է. «Եթե կընդունեն, բնականաբար, մենք կհամագործակցենք ու խնդիր չի լինի»:

Պ. Մակեյան. Երեք նախագահներին պետք է ստիպել հեռանալ քաղաքականությունից