.jpg)
Դավիթ Շահնազարյան. Տարին փակում ենք խոր բարոյահոգեբանական ճգնաժամով
Սեպտեմբերի 3-ից սկսած ՀՀ-ն դարձել է ռուսական կայսրության մաս և հիմա գնում է այդ ամենի «իրավական» ճանապարհով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին.
«Ինչ-որ երեկ տեղի ունեցավ Մոսկվայում, տրամաբանական շարունակությունն է այն գործընթացի, որը սկսվել է սեպտեմբերի 3-ին։ Երեկ Մոսկվայում ստորագրվեց երկրորդ հակասահմանադրական փաստաթուղթը, իսկ առաջինը հայտնի գազային պայմանագիրն էր, և եթե այսպես շարունակվի, մեծ քանակությամբ նման փաստաթղթեր են հայտնվելու»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
«Համաձայնություն» կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական բոլոր կարևոր որոշումները, անվտանգության հետ կապված բոլոր որոշումները, Հաաստանի տնտեսության հետ կապված ամեն ինչ հանձնված է Կրեմլին, որի խնդիրն է ընդլայնել իր ազդեցությունը ինտեգրացիոն ծրագրերով.
«Այսպիսով, տարին մենք փակում ենք խոր բարոյահոգեբանական ճգնաժամով, դա է բոլոր ճգնաժամերից ամենածանրը հասարակության համար»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նախորդող հրապարակում՝ Պուտին. Կարող ենք հաստատել ՀՀ՝ ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզը»