Աշոտյան. Քոչարյանի վերադարձի երկու նախապայմաններն ակնհայտորեն բացակայում են
15/01/2014 12:15

Աշոտյան. Քոչարյանի վերադարձի երկու նախապայմաններն ակնհայտորեն բացակայում են

«Այն տարիները նաև մեր տարիներն են, հետևաբար կարիք չկա նման սուր արձագանքի, քանի որ դա մեր ընդհանուր պատմությունն է, ու զարմանալի է երկրի երկրորդ նախագահի կողմից նման գնահատականը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին, նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Շարունակելով խոսքը` Ա. Աշոտյանը նկատեց, որ կարիք չկա 1998-2008 ժամանակահատվածին սուր քննադատությամբ արձագանքելու. «Այդ թվականներին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը: 1998-ի նախագահական ընտրություններից հետո իշխանության կոնֆիգուրացիան՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, երեքից երկուսը հանրապետականամետ կամ հետո հանրապետական դարձած մարդիկ էին»,- հիշեցրեց Աշոտյանը` հավելելով, որ իր համար հաճելի է, որ Ռ. Քոչարյանը հիշատակել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը, սակայն նախարարին հետաքրքիր է այլ բան` ե՞րբ է վերջին անգամ երկրորդ նախագահն այցելել Պանթեոն:

Խոսելով տարածված տեսակետի մասին, թե այս կերպ ՀՀ երկրորդ նախագահ Քոբերտ Քոչարյանը փորձում է վերադառնալ քաղաքականություն` Ա. Աշոտյանն ասաց, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ:

«Նախ՝ Քոչարյանը հայտարարել է, որ երեք պայման է պետք, որ վերադառնա` երկրի օրհասական վիճակ, ժողովրդի պահանջ և իր կամքը: Առաջին երկուսը, ակնհայտ է, որ չկան, երրորդը՝ չգիտեմ: Սա քաղաքական դիսկուրս է, իսկ տնտեսությունն` ընդամենն առիթ»,- ասաց նախարարը և ավելացրեց, որ կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները տնտեսությունից խոսում են այն ժամանակ, երբ ցանկանում են քաղաքական խնդիրներ լուծել: 

Աշոտյան. Քոչարյանի վերադարձի երկու նախապայմաններն ակնհայտորեն բացակայում են