Գիմիշյան. Ինչո՞վ է վերադառնում Քոչարյանը` Հոկտեմբերի 27-ո՞վ, Մարտի 1-ո՞վ
15/01/2014 15:35

Գիմիշյան. Ինչո՞վ է վերադառնում Քոչարյանը` Հոկտեմբերի 27-ո՞վ, Մարտի 1-ո՞վ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ու այդ ցանկությունն այնքան մեծ է, որ իր համար կարևոր չէ, թե ինչ հարցերով է ուշադրություն սևեռում իր անձի վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՀ երրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի և նրա հնարավոր վերադարձի մասին, նման կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

1990 թ.-ից ի վեր չկա մի պաշտոնյա, որը, ըստ Գիմիշյանի, բարոյական հիմք ունի քննադատելու մեկ այլ պաշտոնյայի. «Բոլորն էլ շատ վատ են աշխատել, շատ թերություններ ու հանցագործություններ են թույլ տվել: Քոչարյանի իշխանության օրոք ևս ոչ պակաս հանցագործություններ են եղել, քան` այսօր: Որքան էլ Ռոբերտ Քոչարյանը ցանկանա վերադառնալ քաղաքականություն, միևնույն է չի ստացվի: Ինչո՞վ պետք է վերադառնա` Հոկտեմբերի 27-ո՞վ, Մարտի 1-ո՞վ, Կոնյակի գործարանի, Արմենթելի վաճառքներո՞վ, թե՞ բազմաթիվ քաղաքական սպանություններով, որոնք այդպես էլ չբացահայտվեցին»,- ասաց Ս. Գիմիշյանը` հավելելով, որ Ռ. Քոչարյանը լավ կազմակերպիչ է և պաշտոն ստանալու դեպքում`  կարող է լավ կազմակերպել:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռ. Քոչարյանը ցանկանում է դառնալ խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի առաջնորդ, Ս. Գիմիշյանը չհամաձայնեց` նկատելով, որ քաղաքական 4 ուժերը չեն համաձայնվի` Քոչարյանը դառնա իրենց առաջնորդ:

«Դա անհաջողության մատնվող տարբերակ է: Իհարկե, ոչինչ չի կարելի բացառել, բայց մի բան պարզ է, որ այդ ուժերը տարբեր նպատակներ են հետապնդում. ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն սերտորեն համագործակցել են Ռոբերտ Քոչարյանի հետ, այսօր էլ կարող են նրա հենարանը հանդես գալ, մնում է ՀՀՇ-ՀԱԿ և «Ժառանգությունը»»,- ասաց նա` ընդգծելով, որ Քոչարյանի վերադարձի իրական հնարավորությունը կերևա, եթե նրան վարչապետ նշանակեն: 

Գիմիշյան. Ինչո՞վ է վերադառնում Քոչարյանը` Հոկտեմբերի 27-ո՞վ, Մարտի 1-ո՞վ