Վազաշեն-Պառավաքարին փոխարինող ճանապարհը պատրաստ կլինի գարնանը (Տեսանյութ)
15/01/2014 21:08

Վազաշեն-Պառավաքարին փոխարինող ճանապարհը պատրաստ կլինի գարնանը (Տեսանյութ)

Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը հակառակորդի կրակոցների պատճառով փակվեց նախորդ տարվա աշնանը: Որոշվեց վտանգավոր հատվածի փոխարեն կառուցել նոր՝ այլընտրանքային ճանապարհ: Ինչպես այսօր՝ ճանապարհի կառուցման տեղում, լրագրողներին ասացին Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, անվտանգ այս ճանապարհը շահագործման կհանձնվի այս տարվա գարնանը:

«Անցած տարի մեծ աղմուկ բարձրացավ այս ճանապարհի հետ կապված, բայց ես պետք է ասեմ, որ ժողովուրդը բավականին տեղին էր բողոքում, որովհետև կար ոչ անվտանգ ճանապարհ և անցյալ տարվա ցավալի դեպքերը բոլորս լավ ենք հիշում: Դրանցից հետո նախագհի հանձնարարականով անմիջապես սկսեցինք այս ճանապարհի կառուցման աշխատանքները: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատվիրել է ճանապարհի նախագիծը և Իջևանի ճանշինը անցած տարվանից աշխատում է»,- լրագրողներին ասաց նախարար Գագիկ Բեգլարյանն՝ ընդգծելով՝ Վազաշեն-Պառավաքարի այլընտրանքային այս ճանապարհն ունենալու է 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն:



«Ասեմ, որ նոր ճանապարհահատվածը Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով: Ընդհանուր առմամբ՝ այս հատվածից բացի, ամբողջ ճանապարհը կդառնա անվտանգ, որովհետև այն տեղերում, որտեղ մեր զինվորականները կասկածել են, որ հնարավոր է վտանգ լինի՝ կկանգնեցվեն հենապատեր: Ընդհանուր առմամբ` մոտ 205 մ հենապատ կլինի»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

Նախարարի խոսքով՝ եղանակային պայմաններն այս տարածաշրջանում բավականին նպաստավոր են և դա նույնպես օգնում է, որ շինարարական աշխատանքներն արագ ընթանան.

«Իջևանի ճանշինի ղեկավարն ինձ զեկուցեց, որ հողային աշխատանքներն այստեղ կավարտեն մարտի կեսին, իսկ ապրիլի վերջում՝ ճանապարհն արդեն կհանձնվի շահագործման»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

Տրանսպորտի և կապի նախարարի խոսքով՝ նախագծային հաշվարկներով 3,2 կմ-անոց այս ճանապարհահատվածի կառուցման արժեքը կազմել է 460 մլն դրամ:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խոսքով՝ այն իսկապես կարևոր է և սա ոչ միայն ամենաանվտանգ, այլև՝ այս պահին իրավիճակի ամենաանհրաժեշտ լուծումն էր:

«Ամբողջ Շամշադինի տարածաշրջանի ճանապարհներն այսուհետ կլինեն անվտանգ: Հիմա մենք Վազաշենի տարածաշրջանում ենք: Երբ կավարտվի այս 3,2 կմ-ը, ճանապարհը կմիանա մի հատվածի, որտեղից սկսվում է արդեն Շամշադինի ճանշինի սպասարկման հատվածը»,- ասաց մարզպետը:



Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյոք այս ճանապարհահատվածի կառուցումն ամենաճի՞շտ որոշումն էր ստեղծված իրավիճակում ՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանի բնակիչները բազմիցս բողոքել են՝ նշելով, որ ավելի ճիշտ կլիներ վերանորոգել Իջևան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհը, որն ամբողջությամբ կարող էր այլընտրանք լինել սահմանի երկայնքով ձգվող այս ճանապարհին:

«Ասեմ, մենք բացի այս մեկից Շամշադին գնացող ևս երկու ճանապարհ ունենք՝ Ճամբարակ-Թթու ջուր-Նավուր-Բերդ և մյուսը՝ Իջևան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհը: Բայց այս ճանապարհն անցնում է սահմանի երկայնքով և այս ճանապարհի վերակառուցումը խիստ անհրաժեշտ էր, քանի որ դրանով պետք է երթևեկեն ինչպես քաղաքացիներն, այնպես էլ՝ զինվորականները: Բացի այդ ավելացնեմ, որ նշված Իջևան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհը՝ որի վերանորոգումը պահանջում էին քաղաքացիները, նույնպես բարեկարգվում է»,- նշեց մարզպետը՝ մանրամասնելով, որ 35 կմ երկարությամբ գրունտային ճանապարհը, որը հիմա հիմնականում բեռնատարների համար է երթևեկելի, հարմարեցվում է նաև մարդատար մեքենաների համար:



«Այդ ճանապարհի վրա կան նաև երեք շրջադարձային ոլորաններ, որոնց շառավիղը չի բավարարում մեծ մեքենաների համար: Այնտեղ էլ իրականացվում են պայթեցման աշխատանքներ, որպեսզի ոլորանները կարգի բերվեն»,- ավելացրեց Գագիկ Բեգլարյանը` ընդգծելով, որ Իջևան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի բարեկարգումը ևս կավարտվի գարնանը:

Ինչ վերաբերում է կրակոցների պատճառով փակված Վազաշեն-Պառավաքար ճանապարհին, ապա՝ Տավուշի մարզպետի խոսքով՝ այն ևս գործում է, բայց անվտանգության որոշակի միջոցների կիրառմամբ.

«Կան ժամեր, երբ հորդորում ենք չերթևեկել այդ ճանապարհով կամ դա անել խիստ անհրաժեշտության պարագայում»:



Ճանապարհի կառուցման հատվածում Aysor.am-ը զրուցեց նաև Տավուշի N զորամասի հրամանատար գնդապետ Մաղսուդյանի հետ, ով նշեց, որ Պառավաքար- Վազաշեն ճանապարհի վրա կրակոցների դեպքից հետո հակառակորդն այդ հատվածում այլ ոտնձգությունների չի ձեռնարկել.

«Դեպքեր չեն արձանագրվել: Եթե անգամ եղել են որոշակի փորձեր՝ հակառակորդը լռեցվել է: Իմացեք՝ իրենց յուրաքանչյուր ոտնձգություն մեր Զինված ուժերի կողմից պատժվում է տասնապատիկ ուժող պատասխանով»,- ասաց գնդապետը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 22-ին Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ էր բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա: Կրակոցների հետևանքով զոհվել էր 1994թ.-ին ծնված ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Գարիկ Պողոսյանը: Եվս երեք զինծառայող վիրավորվել էին:

Նախորդող հրապարակումներ՝ Տավուշցի երիտասարդները փակ ճանապարհի հարցով դիմում են Սերժ Սարգսյանին

Պառավաքար-Վազաշեն ճանապարհը դեռ փակ է. Շրջանցիկ ճանապարհն էլ` անբարեկարգ

Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակ է անհայտ ժամանակով

Տավուշի մարզում սկսել են այլընտրանքային ճանապարհ կառուցել. Լուսանկարներ

Վազաշեն-Պառավաքարին փոխարինող ճանապարհը պատրաստ կլինի գարնանը (Տեսանյութ)