10/12/2013 12:59
Տավուշի մարզում սկսել են այլընտրանքային ճանապարհ կառուցել. Լուսանկարներ
Այս տարվա հոկտեմբերից Տավուշի մարզում հակառակորդի կրակոցների հետևանքով փակվել է Իջևան-Բերդ ճանապարհի Պառավաքար-Վազաշեն հատվածը: Ճանապարհի այս հատվածը փակ է մինչ այսօր և երթևեկությունը կատարվում է անբարեկարգ ու բավականին վտանգավոր շրջանցիկ՝ «սարի ճանապարհով», (ինչպես այն անվանում են տավուշցիները):
«Սարի ճանապարհը», սակայն, փակվում է ձյան տեղումների պատճառով և Տավուշի մի ամբողջ հատված փաստացի մնում է շրջափակված: Խնդրի վերաբերյալ Տավուշի մարզի երիտասարդներն օրերս դիմել են ՀՀ Նախագահին: Իսկ այսօր ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը տարածել է տեղեկատվություն, որի համաձայն Տավուշում շրջանցիկ ճանապարհի կառուցումն արդեն սկսվել է: Նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայտնի դեպքերից հետո փակվել է Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը և անհրաժեշտություն է առաջացել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցել շրջանցիկ ավտոճանապարհ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից արդեն պատվիրվել, և «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից կատարվել են նախատեսվող շրջանցիկ ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտություններ:
Շրջանցիկ ճանապարհը 3.8 կմ երկարությամբ է և անցնում է անտառով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը:
Նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերությանն առաջարկել է տեղում կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ՝ Հ-36, Մ-4-Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վերին Ծաղկավան-Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածի վերակառուցման համար:
Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է։
Ճանապարհահատվածը սպասարկող «Տավուշի ՃՇՇ» և «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունների կողմից կատարվել և կատարվում են որոշ շրջադարձերի լայնացման և թափվածքների մաքրման աշխատանքներ:
Իջևան-Գանձաքար-Իծասար-Նավուր-Բերդ ճանապարհահատվածի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով այս պահին կատարվում են խճապատման նախապատրաստական աշխատանքներ։ Նշված հատվածում ձյան առատ տեղումների հետևանքով «Տավուշի ՃՇՇ»-ն զուգահեռ զբաղված է նաև ձյան մաքրման աշխատանքներով և ճանապարհը անցանելի դարձնելով:
Ըստ նախանշված ժամկետների՝ ճանապարհի վերակառուցումը կավարտվի 1-1,5 ամսվա ընթացքում»:
Նախորդող հրապարակումներ՝ Տավուշցի երիտասարդները փակ ճանապարհի հարցով դիմում են Սերժ Սարգսյանին
Պառավաքար-Վազաշեն ճանապարհը դեռ փակ է. Շրջանցիկ ճանապարհն էլ` անբարեկարգ
Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակ է անհայտ ժամանակով