.jpg)
Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2013թ. արդյունքների ամփոփմանը:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ բանակաշինությունը եղել է, կա և կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանում տիրող իրավիճակին` Նախագահ Սահակյանը նշել է, որ Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը, սպառնալիքներ հնչեցնել Արցախի և Հայաստանի հասցեին, ոտնահարել միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները` հավելելով, որ հակառակորդի նման պահվածքի պայմաններում մենք պետք է լինենք ավելի զգոն, նախաձեռնությունը մշտապես պահենք սեփական ձեռքերում՝ միևնույն ժամանակ չենթարկվելով սադրանքների:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջև ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: