20/01/2014 17:40
Բարձրաստիճան ոստիկանների անունից ներկայանալու մեջ մեղադրվողը վատառողջ է
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հ. Գրիգորյանը ասաց, որ իր կարծիքով` դրա պատճառը այն է, որ իր պաշտպանյալին տեղափոխելու էին ոչ թե հիվանդանոց, այլ «Նուբարաշեն» ՔԿՀ:
«Իմ պաշտպանյալը ի վիճակի չէր մասնակցել նիստին, նա անգամ չէր կարողանում ոտքի վրա կանգնել և խոսել, սակայն զարմանալի է, որ ասացին, որ նրան այդ վիճակում տեղափոխելու են ոչ թե հիվանդանոց, այլ «Նուբարաշեն» ՔԿՀ: Կարծում եմ, դա ազդեց դատավորի որոշման վրա»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը մի անգամ տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ, ապա երբ որ վիճակը ծանրացել է` դատապարտյալների հիվանդանոց և իրենք դատարանին ներկայացրել են բոլոր բժշկական փաստաթղթերը Ա. Անդրեասյանի առողջական վիճակի հետ կապված, սակայն դատարանը հաշվի չի առել դրանք:
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար:
Ա. Անդրեասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։
Մեղադրյալ Արթուր Անդրեասյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախորդող հրապարակում` Ավարտվել է խարդախության վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը