03/12/2013 20:43
Կարեն Բաբակեխյան. Մեր մասով գործը կարճվել է
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ որևէ ծանուցագիր չի ստացել և չի կարծում, որ իրեն դատարան կհրավիրեն Արթուր Անդրեասյանի գործով:
«Այդ առումով քննություն է կատարվել Հատուկ քննչական ծառայությունում և մեր մասով գործը կարճվել է, որովհետև ինչ կապ ունեմ ես, եթե, ասենք, իմ անունը տալով խարդախություն անեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով դատաքննության օրը նշանակվել է դեկտեմբերի 19-ին: