.jpg)
2013-ին Հայաստանում լրագրողների նկատմամբ ճնշումներն ավելացել են. Զեկույց
2013-ին արձանագրվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտման 77 դեպք, որը նախորդ տարվա համեմատ 13-ով ավելի է: Ներկայացնելով ԽԱՊԿ 2013թ. տարեկան զեկույցը՝ այս մասին հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Այս զեկույցը, Ա. Մելիքյանի խոսքով, աննախադեպ է, քանի որ նման ծավալով զեկույց երբևէ չեն ունեցել:
Այսպես՝ 2013-ին լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները խախտվել էին 64 դեպքով։ Նման աճը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ փետրվարին նախագահական ընտրություններն էին, իսկ մայիսին՝ Երևանի ավագանու ընտրություններ:
«Տարին աշխույժ էր նաև քաղաքացիական ակտիվիստների շարժման առումով, և բնական է, որ այս կարևոր իրադարությունները բերում են լարվածության, որն էլ իր հերթին՝ ճնշումների ավելացման»,-մանրամասնեց Ա. Մելիքյանը:
Ըստ ընդունված դասակարգման՝ 2013-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 10 դեպք, այն դեպքում, երբ 2012-ին եղել է 4-ը, արձանագրվել է նաև 57 ճնշման դեպք, մինչդեռ 2012-ին դրանք 37-ն էին: Շարունակելով ներկայացնել արձանագրված տվյալները՝ Ա. Մելիքյանն ասաց, որ տեղեկություն ստանալու իրավունքը խախտվել է 10 անգամ, իսկ ահա 2012-ին եղել է 22 դեպք։
«Այսպիսով՝ 2013-ին լրագրողները և լրատվամիջոցներն աշխատել են շատ ավելի անբարենպաստ պայմաններում, և շատ ավելի լարված է եղել տարին, քան նրանց աշխատանքը՝ 2012-ին»,- մանրամասնեց նա:
Եզրափակելով խոսքը՝ Ա. Մելիքյանը նկատեց, որ 2013թ-ին ավելացել են դատական գործերն ընդդեմ լրատվամիջոցների: