Ադրբեջանցի կապիտանը զոհվել է ոչ թե այսօր, այլ դիվերսիայի ժամանակ
23/01/2014 19:08

Ադրբեջանցի կապիտանը զոհվել է ոչ թե այսօր, այլ դիվերսիայի ժամանակ

«Հարևան, բայց ոչ բարեկամ երկրում կատարվածը, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկել ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման, այլև ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական դիվերսանտների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության համատեքստում»: Այս մասին ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, որով արցախյան գերատեսչությունը մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե այսօր, հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի կապիտան է սպանվել:

«Հարկ ենք համարում հիշեցնել, որ միայն ս.թ. հունվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբ, ադրբեջանական բանակում (իբր տարբեր հանգամանքներում) արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 6 դեպք… Իսկ այս ամենից արվելիք հետևությունը, թերևս, մեկն է. Ադրբեջանի ռազմական «ագիտպրոպը» նրբանկատորեն փորձում է ներկայացնել այն, ինչի մասին պետք է խոստովաներ օրեր առաջ»,- նշվում է հաղորդագրությունում:

ԼՂՀ ՊՆ հաղորդագրության համաձայն` տեղեկատվությունն այն մասին, թե հունվարի 23-ին, հայկական կողմից կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովը, իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը, և միայն պատասխան քայլերի են դիմում խիստ անհրաժեշտության դեպքում:

Ադրբեջանցի կապիտանը զոհվել է ոչ թե այսօր, այլ դիվերսիայի ժամանակ