Քաղաքագետ. Ադրբեջանցիներն ունեն 7 զոհ և երկուսի դին դեռ չեզոք գոտում է
23/01/2014 14:00

Քաղաքագետ. Ադրբեջանցիներն ունեն 7 զոհ և երկուսի դին դեռ չեզոք գոտում է

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանցիներն ունեցել են 7 զոհ: Ջրաբերդի ուղղությամբ սպանվել է 4 դիվերսանտ, ևս 3-ը սպանվել են Հադրութի ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը.

«Ադրբեջանական պնդումները, թե իրենք զոհ չեն ունեցել, ուղղակի սուտ են: Էլի եմ ասում՝ ունեն 7 զոհ: Վիրավորների թիվը 20-30 սահմաններում տատանվում է, դժվար է ասել։ Մեր կողմից միայն մեկ զոհ է եղել, բոլորս ցավում ենք կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի համար, իսկ վիրավոր չունենք»,- ասաց քաղաքագետը:

Լևոն Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ արդրբեջանցի դիվերսանտներն ունեցել են քանակական զգալի առավելություն, բացի այդ՝ հատուկ նշանակության ջոկատայիններ էին.

«Մեր զինվորները ժամկետային զինծառայողներ էին: Ավելին՝ դիրքերից մեկում միայն 9 հոգով էին ու կարողացել են լիովին ջախջախել դիվերսանտների խումբը: Սա վկայում է նրանց հիանալի պատրաստվածության մասին»,- ասաց քաղաքագետը:

Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց, որ երկու ադրբեջանցի դիվերսանտի դի մինչ այսօր չեզոք գոտում է.

«Նրանք վախում են գան տանեն: Մեզ էլ՝ հարյուր տարի պետք չեն»:

Միաժամանակ քաղաքագետն ընդգծեց՝ կան օրեր, որոնք Ադրբեջանն այդպես էլ չի կարողանում մարսել: Դրանցից մեկն է հունվարի 20-ը՝ Սև հունվարի օրը.

«Այդ օրերին պետք է հատկապես զգոն լինել»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
 
Նախորդող հրապարակումներ՝ Զինվոր է զոհվել. Ադրբեջանցիների դիվերսիան կանխվել է

Ադրբեջանցի դիվերսանտները զոհեր ու վիրավորներ ունեն. Մանրամասներ

 

Քաղաքագետ. Ադրբեջանցիներն ունեն 7 զոհ և երկուսի դին դեռ չեզոք գոտում է