ՊՆ. Այս տարի ձեռք կբերենք հեռահար և գերճշգրիտ հրթիռային համակարգեր
24/01/2014 18:35

ՊՆ. Այս տարի ձեռք կբերենք հեռահար և գերճշգրիտ հրթիռային համակարգեր

Ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում այսօր մեծ ուշադրություն է դարձվում հատկապես հեռահար և գերճշգրիտ հրթիռային համակարգերի ձեռքբերմանը: Այս մասին այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով առաջիկայում վավերացման պատրաստվող հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրին՝ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը երկար տարիներ գոյություն ունի և դրա շրջանակներում մենք կարողանում ենք բարելավել մեր անվտանգության միջավայրը.

«Ինչ վերաբերում է նոր պայմանավորվածություններին, ապա դրանք թույլ կտան, որ մենք ոչ միայն ներքին գներով զինտեխնիկա ձեռք բերենք, այլև՝ ստեղծվեն երկկողմանի կազմակերպություններ երկու երկրներում: Ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում այսօր մեծ ուշադրություն է դարձվում հատկապես հեռահար և գերճշգրիտ հրթիռային համակարգերի ձեռքբերմանը: Ասեմ, որ մեր պայմանավորվածություններն ուժի մեջ են և արդեն այս տարի վերջնականապես ավարտին կհասցվի հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերումը»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև ռազմական արդյունաբերության սեփական հնարավորությունների զարգացմանը՝ նշելով, որ այսօր ուսումնասիրվում է սեփական արտադրության զենքի սպառման շուկան.

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր արտադրանքի համար պետք է սպառման ոլորտ: Սպառման ոլորտի ուսումնասիրությունն այսօր մեր ուշադրության կենտրոնում է: Երբ մենք գտնենք սպառման ոլորտ, բացի մեր սեփական Զինված ուժերի համալրումը, այդ դեպքում էլ կընդլայնենք մեր սեփական ռազմական արտադրությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
 

ՊՆ. Այս տարի ձեռք կբերենք հեռահար և գերճշգրիտ հրթիռային համակարգեր