.jpg)
Արաբագետ. Եթե Սիրիայում պատերազմը շարունակվի, հայ համայնքն ավելի կնոսրանա
Սիրիական ճգնաժամն ավելի ու ավելի լուրջ մարտահրավեր է նետում ոչ միայն տարածաշրջանային, այլև` համաշխարհային կայունությանը: Եթե նախկինում ասվում էր, որ սիրիական խնդիրը զուտ մերձավորարևելյան է, ապա այժմ խնդիրը ներառում է այլ տարածաշրջաններ ևս` կովկասյան երկրներ: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց արաբագետ Արաքս Փաշայանը` ավելացնելով, որ նույնիսկ Ադրբեջանից մեծ թվով վարձկաններ են մասնակցում սիրիական մարտերին ու հաճախ տարբեր ճակատներում պայքարում միմյանց դեմ. «Այն լուրջ դիսկուրս է առաջացրել ադրբեջանցիների շրջանում»:
Սիրիական հակամարտությունում, արաբագետի խոսքով, նույնիսկ «Ժնև 2» համաժողովից հետո չկա ոչ մի փոխզիջում. «Թեև Ժնև 2-ը միտված էր Սիրիայի հակամարտության կարգավորմանը, սակայն պետք է ասել, որ որևէ փոփոխություն չկա, ընդդիմությունն ու իշխանությունները նախկինի պես շարունակում են պնդել իրենց տեսակետները, և մինչև հիմա որևէ փոխզիջում չկա»:
Շարունակելով խոսքը` Ա. Փաշայանն ասաց, որ իրատեսական է այն` ասադականները փոխզիջումների չեն գնա, քանի որ. «Բավական զգալի առաջընթաց են գրանցել մարտերում, ինչպես նաև PR քայլերով միջազգային հանրության մոտ տպավորություն են ստեղծել, թե հակամարտության իրական մեղավորները զինյալներն են»:
Ինչ վերաբերում է սիրիական պատերազմում Հայաստանին, ապա արաբագետը նկատեց, որ Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերը հայ համայնքն է, որն անվտանգության հարց ունի լուծելու. «Նրանք նաև չեն կարողանում ապահովել կենսական նշանակություն ունեցող խնդիրներ: Եթե պատերազմը շարունակվի, պարզ է, որ հայ համայնքն ավելի կնոսրանա, և այլևս երբեք չենք ունենա այն գաղութը, որ ունեինք մինչ այժմ»: