ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը հաստատվեց. Վիճարկումներ չեղան
27/01/2014 16:20

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը հաստատվեց. Վիճարկումներ չեղան

Ստրասբուրգում այսօր մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որտեղ քննարկվել է ազգային պատվիրակությունների լիազորությունների հաստատման հարցը: 

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խաղատների վերաբերյալ հարց էր ուղղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, հայկական պատվիրակության կազմում որոշում կայացվեց փոփոխություն մտցնել: Զ. Փոստանջյանին փոխարինեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:  

Ու թեև լրատվամիջոցներում  հրապարակումներ եղան, թե Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ 10 պատգամավոր այսօր նիստի մեկնարկին պետք է վիճարկեն հայկական պատվիրակության լիազորությունների հարցը, սակայն նիստի մեկնարկին որևէ պատգամավոր չվիճարկեց հայկական պատվիրակության մանդատի հարցը:

Այս մասին փաստում է նաև ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ով Facebook-յան իր էջում գրել է.

«ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների մանդատները լիագումար նիստում հաստատվեցին: Որևէ պատվիրակ չբարձրացրեց վիճարկման հարցը»:

Նշենք, որ այսօր մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կտևի մինչև հունվարի 31-ը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը հաստատվեց. Վիճարկումներ չեղան