28/01/2014 13:25
Սեյրան Օհանյան. Խաղաղ պայմաններում ենք անցկացնելու այս տարին. Լուսանկարներ
Այսօր այստեղ, այս սուրբ վայրում, մենք պարտավորվում ենք ամեն ինչ անել, որ 2014 թվականին և ընդմիշտ, հայ ժողորդի առօրյան լինի խաղաղ պայմաններում: Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մարտական գործողությունների միջով անցած կամավորականների փորձի շաղախման ու մեր այսօրվա զինվորի պատրաստականության շնորհիվ է, որ կարողանում ենք առաջընթաց ապահովել»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարն ու, անդրադառնալով վերջին օրերին սահմանում տիրող իրավիճակին, վստահեցրեց, որ այն լիովին վերահսկվում է մեր զինվորների կողմից.
«Մեր զինվորների մարտական ոգու և սառնասիրտ որոշումների շնորհիվ կարողանում ենք հետ մղել ցանկացած ոտնձգություն: Պատերազմի հավանականությունն այսօր փոքր է, իսկ ԼՂՀ հիմնահարցով զբաղվող միջազգային կառույցներն արդեն հայտարարություն են տարածել, որով կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը: Ես վստահ եմ, որ նրանք ևս դատապարտում են ադրբեջանական կողմի գործողությունները, սակայն լռում են, քանի որ բանակցային գործընթացը պահանջում է հավասարակշիռ պահվածք»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը տոնական օրվա կապակցությամբ դարձյալ ավելացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը.
«Գիշերը կրակոցներ եղել են, հարաբերական առումով մի քիչ ավելի շատ են եղել, սակայն իրավիճակը վերահսկելի է: ՊՆ աշախատակազմն ամեն օր է պատրաստ մեր հայրենիքը պաշտպանելու: Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում թեև փոփոխական է, սակայն վերահսկելի: Այդ կրակոցներն առօրյա իրականություն են մեզ համար և մտահոգության կարիք չկա, մեր ժողովրդին հավաստիացնում եմ, որ խաղաղ պայմաններում ենք անցկացնելու 2014-ը»,- վստահեցրեց նախարարը:
Նշենք, որ այսօր Եռաբլուր էին այցելել նաև ՀՀ և ԼՂՀ նախագահներն ու պաշտոնատար այլ անձիք:
Նախորդող հրապարակում՝ Հայաստանի ու Արցախի նախագահներն այցելել են Եռաբլուր. Լուսանկարներ