.jpg)
Արմեն Աշոտյանը Վրաստանում հանդիպել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ
Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Այս մասին տեղեկանում ենք Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ընդգծվել, որ կրթությունը այն կարևոր հարթակներից է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել ու փոխանցել ազգային արժեքներն ու ավանդույթները, ճանաչելի լինել պատմությամբ, այլև կարևոր և ամուր հիմքեր է ստեղծում մեր ժողովուրդների միջև՝ բարեկամության ամրապնդման և զարգացման համար:
Կողմերը վստահություն են արտահայտել, որ երկու երկրների նախարարությունների միջև չեն կարող լինել խնդիրներ, որոնց լուծումները համատեղ ջանքերով հնարավոր չլինի գտնել: