Պռոշյանի գյուղապետի սպանության գործ. Ու՞մ դեմ պայքարենք, համակարգի՞
11/02/2014 20:40

Պռոշյանի գյուղապետի սպանության գործ. Ու՞մ դեմ պայքարենք, համակարգի՞

Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

2013 թ. դեկտեմբերի 25-ին ավելի քան 8 ամիս կալանքի տակ մնալուց հետո արգելանքից ազատ արձակվեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը:

Ըստ 2013 թ. ապրիլի 4-ին Արայիկ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013 թ. ապրիլի 2-ին ժամը 09-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Թումանյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի առջևի հատվածում, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ կրած հրազենից արձակած կրակոցով ծառայողական գործունեության հետ կապված ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել՝ սպանել է Պռոշյան գյուղի համայնքի ղեկավար Հրաչ Հակոբի Մուրադյանին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ավելի վաղ ձերբակալվել էր նաև Արայիկի եղբայրը՝ Արտակ Պետրոսյանը, ով ապրիլի 8-ին վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ազատվել է:

Արայիկ Պետրոսյանի խոսքով՝ իր համար անհայտ է մնում՝ ինչու՞ են իրենց ձերբակալել այս գործով: Ի տարբերություն իր եղբոր՝ Արայիկը այսօր էլ գտնվում է մեղադրյալի կարգավիճակում, սակայն նրան արգելանքից ազատելու որոշման մեջ գրված է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, սակայն Արայիկ Պետրոսյանի կողմից Հրաչ Մուրադյանին ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքը չի հաստատվել:

Ավելի քան 8 ամիս կալանքի տակ գտնվող Արայիկ Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երբեք չի կորցրել հավատը, որ իրեն մի օր ազատ կարձակեն:

«Մարդը, եթե կորցնում է հավատը, մեռնում է»,- ասաց նա: 

Արայիկը պատմում է, որ գյուղապետի սպանության օրը  եղել է տանը, հետո իրեն զանգել ու ասել են, որ Հրաչ Մուրադյանին են սպանել ու ինքը միանգամից գնացել է գյուղապետարան ու մինչև քննչական խմբի հեռանալը եղել է դեպքի վայրում:

«Բոլորն էլ գիտեին, որ ես նման բան անել չեմ կարող: Ես մի անգամ հանդիպել եմ միայն Հրաչ Մուրադյանի եղբորը, նա էլ գիտի, որ ես նման բան չեմ արել»,- ասաց նա:

Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Ա. Պետրոսյանի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը ասել էր, որ երբեք զենք չի ունեցել և անգամ այն բռնել չի իմացել:

«Արայիկին Պռոշյանում բոլորը գիտեն, եթե ամպերը գոռում էին, ինքը մտնում էր տուն: Թող փորձագետ կանչեն, պարզեն, որ անգամ զենք բռնել չի իմանում, ինքը էդ տեսակի մարդ չի: Ինքը այդ օրը ժամը 8.20-ին երեխաներին դպրոց է տարել, ճանապարհին մարդկանց է հանդիպել, ժամը 9.20 եղբայրը` Արտակը գնացել է գործի, դրանից հետո էլ ինքն է գնացել, մարդիկ հատ-հատ հիշում են, որտեղ է ինքը եղել, որտեղով է անցել: Երևի ուղղակի տեսան, որ համեստ, խելոք տղայա Արայիկը, անմեղ ա, կալանավորեցին:  Մարդ սպանելը խաղուպար չի, վայրկյանական սպաներ, գնար տանը նստեր»,- ասել էր նա, նշելով, որ համոզված է` արդարությունը չի մեռնելու:

Արայիկը ևս պնդում է՝ թեև ծառայել է բանակում, սակայն զենքից կրակել է 2-3 անգամ և դրանից բացի որևէ անգամ զենք չի բռնել ձեռքում:

Նրա խոսքով՝ կալանքի տակ գտնվելու ժամանակ իրեն մի անգամ միայն հարցաքննել են իր ավտոմեքենայում անտիմոնի առկայության վերաբերյալ:

«Չգիտեմ՝ ոնց էր հայտնվել մեքենայումս, չնայած՝ էլեկտրիկի ավտոմեքենայում կարող էր նման բան լինել»,- ասաց նա:

Այժմ Արայիկը սպասում է նախկին աշխատանքին վերականգնելուն, ասում է՝ խոստացել են այս ամսվանից ձևակերպել, իսկ իրավապահ համակարգի հետ գործ ունենալ չի ուզում՝ անգամ իրեն 8 ամսից ավել կալանավորված պահելու համար:

Ա. Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե իր պաշտպանյալի դեմ ապացույցներ չեն եղել և այժմ էլ անհասկանալի է՝ ինչո՞ւ է նա շարունակում մնալ մեղադրյալի կարգավիճակում:

«Նա դեպքի պահին եղել է տանը, ապացուցվել է, որ ավտոմեքենայի համարանիշները չեն փոխվել, իսկ անտիմոնի առկայությունը չի կարող լինել կրակելու ապացույց և նման բազմաթիվ ապացույցներ կան, որոնք հաստատում են Արայիկի անմեղությունը: Ստացվում է, որ քննչական խումբը դեպքից 8 ամիս անց այդպես էլ չկարոցավ գտնել մեղավորին, ասես սպանությունը կատարվել է ապրիլի 2-ին, հիմա ապրիլի 3-ը լինի»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ քննչական մարմինը հակասում է ինքն իրեն՝ Արայիկի վրայից չհանելով մեղադրանքը:
«Արայիկին արգելանքից ազատելու որոշման մեջ գրված է, որ նրա մասնակցությունը սպանությանը չի հաստատվել, մյուս կողմից էլ սակայն, չի հանվում մեղադրանքը նրա վրայից»,- ասաց նա:

Գ. Հովհաննիսյանը նշեց, որ իրենք պատրաստվում են առաջիկա օրերին միջնորդություն ներկայացնել՝ Ա. Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Այն բանում, որ Արայիկը կապ չունի այս սպանության հետ, համոզված է նաև Հ. Մուրադյանի եղբոր որդին՝ Հակոբ Մուրադյանը, թեև նրա խոսքով՝ ինքն էլ չունի սպանության կատարողի կամ պատվիրատուի առումով կասկածներ:

Հարցին՝ իսկ որևէ՞ բան պատրաստվում եք ձեռնարկել, քանի որ սպանությունը դեռևս բացահայտված չէ, նա պատասխանեց.
«Ու՞մ դեմ պայքարենք, համակարգի՞: Ես, ընդհանրապես, հույս չունեմ, որ սպանությունը կբացահայտվի»,- ասաց նա:

Նախորդող հրապարակումներ՝ «Օրենքի զոհերը». Արջուտի միակ դպրոցի հիմնադիր տնօրենն արդար է

Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում

Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը

Օրենքի զոհերը. 5 երեխաների հայրը արդարացվել է իր դստեր բռնաբարության գործով

«Օրենքի զոհերը». Տիգրան Առաքելյան. Մի օր իրական արդարադատություն է լինելու

Օրենքի զոհերը. Մատաղիսի գործ. Ցմահ ազատազրկումից` մինչև արդարացում

Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի
 

Պռոշյանի գյուղապետի սպանության գործ. Ու՞մ դեմ պայքարենք, համակարգի՞