.jpg)
Գալուստ Սահակյան. Բանի տեղ չենք էլ դնում իրենց
Կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան հասարակությանը ցույց տալու միջոց, թե ընդդիմություն դեռևս կա: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հանրեպատական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Բայց դրա փոխարեն, ըստ նրա, ընդդիմությունը պետք է կարողանա վերջնականապես որոշել, թե ինչքան ռեզերվ ունի որևէ գործողություն կատարելու համար:
«Դա իրենց իրավունքն է: ՀՀԿ-ին ընդհանրապես չի անհանգստացնում այդ ուժերի միավորումը: Ավելին` մենք ընդհանրապես ոչ միայն չենք անհագստանում, այլև` բանի տեղ չենք էլ դնում իրենց: Նախ մի հատ պիտի կարողանան իրենց արժեքային համակարգը քաղաքականության մեջ հիմնավորեն ու ոչ թե առիթներով, այլ ֆունդամենտալ մոտեցում ունենան»,- ասաց Գ. Սահակյանը:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀՀԿ-ն արհամարհում է ընդդիմությանը, պատգամավորն ասաց, որ իրենք նման վերաբերմունք չունեն, ընդամենն այն կարծիքին են, որ հարկավոր է ձևավորվի ընդդիմություն, որը կկարողանա իր կարողությունների չափով նպաստել երկրում կատարվող զարգացումներին:
«Մեր ընդդիմությունն իրեն որակավորում է, թե ամեն ինչ կարող է անել, մինչդեռ ոչինչ էլ չի կարող անել, քանի որ քաղաքական հիմքեր չկան որևէ գործողություն կատարելու համար: Քաղաքական դաշտը ընդդիմությանը դրսևորվելու դաշտ չի ընձեռել, միակ նման տեղը Էթիկայի և Հաշվիչ հանձնաժողովներում էր, բայց այդտեղ էլ սահմանափակումներ դրեցինք»,- ասաց Գ. Սահակյանը:
Շարունակելով խոսքը` նա ասաց, որ եթե ընդդիմությունը մտածում է, որ քաղաքական մեծամասնությունը ձախողել է քաղաքականությունը, ապա իրենք այդ տեսակետը չեն կիսում. «Մարդիկ բարձրանում են ամբիոն ու քաղաքական մեծամասնությանն ու իշխանությանն ասում, թե սրիկաներ են, հետո էլ ասում են ` եկեք համագործակցենք: Դա, ըստ իս, իմաստազուրկ դրսևորում է»:
Եզրափակելով խոսքը` Գ. Սահակյանն ասաց, որ ընդդիմությունն ընդդիմադիր լինելով ոչ թե պետք է թշնամություն սերմանի, այլ պետք է իր մոտեցումներով ու գաղափարներով հասարակության հետ աշխատի:
Նախորդող հրապարակում` Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկումն ավարտվեց
ԱԺ-ում քննարկվում է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը