.jpg)
Դավիթ Բաբայան. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հարցը ԵՄ-ում չեն որոշում
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի` Ստրասբուրգում կայացած նիստն ավարտվել է անարդյունք. համատեղ հայտարարության հարցում կողմերն այդպես էլ փոխըմբռնման չեն եկել, իսկ փաստաթուղթն այդպես էլ չի ստորագրվել: Նշվում է, որ հայտարարության` ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածում տեղ են գտել այնպիսի ձևակերպումներ, որոնց առկայությունը թույլ չի տվել հայկական կողմին ստորագրելու դրա տակ:
Aysor.am-ի հետ զրույցում, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այս առնչությամբ նշեց, որ նորմալ է վերաբերում է հայկական պատվիրակության որոշմանը:
«Եթե նման փաստաթղթերում, որոնք պարտադիր իրավական ուժ չունեն, հիմնախնդրի վերաբերյալ, մեզ համար ոչ շահեկան դրույթներ են պարունակում, ապա ինչու չէ` պետք է կտրուկ որոշումների գնալ: Ես դրանում խնդիր չեմ տեսնում»,- ասաց բանախոսը:
Հարցին, թե Եվրախորհրդարանի որոշ ներկայացուցիչներ բարձրացրել էին նաև ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխման հարցը, մասնավորապես, Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու հարցը, ինչպե՞ս եք վերաբերում դրան, Դ. Բաբայանը պատասխանեց. «Նախ Եվրախորհրդարանի պատգամավորները չեն որոշում, թե ով ում փոխարինի, երկրորդ, օրակարգում ձևաչափի փոփոխման հարց առհասարակ չկա, ամեն դեպքում` Ֆրանսիան իր մանդատից հրաժարվելու հարց չի բարձրացրել»:
Հարցին, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հարցի բարձրացումը, վերջինս ասաց, որ դրանում նկատելի է «ադրբեջանական հետքը»:
«Վերջին շրջանում անընդհատ տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի կողմից եվրոպացի չինովնիկների, պատգամավորների ֆինանսավորման մասին, դրա մասին նույնիսկ եվրոպական կառույցներում են խոսում: Ադրբեջանն ամեն ինչ անում է` բանակցությունների գործընթացը լրիվ այլ` անորոշ, խճճված հուն տեղափոխելու համար»,- հավելեց նա: