Գագիկ Ծառուկյան. Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել
15/02/2014 14:45

Գագիկ Ծառուկյան. Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ 7-րդ համագումարը: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ելույթի վերջին հատվածում խոսել է «անձամբ իր մասին»:

Նա նշել է. «Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների: Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել:
Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների:

Ես մտել եմ քաղաքականություն` հետապնդելով միայն մեկ նպատակ` ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու իմ ժողովրդին: Եվ ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:

Ես կարող էի ապրել անհոգ` միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաև ավելի ազնիվ ճանապարհը:
Սա իմ գիտակցված ընտրություն էր: Հետևաբար՝ ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտները և վտանգները: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:

Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով-ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում:

Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգև, քան՝ պետությանը և քո ժողովրդին օգտակար լինելը:

Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են անհրաժեշտ ու ամենակարևոր փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: 

Գագիկ Ծառուկյան. Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել