Բ. Սահակյան. Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն ամենամեծ խոչընդոտն է
19/02/2014 15:01

Բ. Սահակյան. Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն ամենամեծ խոչընդոտն է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն և մասնակցել 2013թ. գործունեության արդյունքների ամփոփմանը և 2014թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը:

Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ Արցախի արտաքին քաղաքականության հիմքում այսուհետ էլ կլինի բազմաուղղվածությունը՝ ազդեցիկ պետությունների և ուժային կենտրոնների հետ փոխլրացման վրա հիմնված հավասարակշռված քաղաքականության վարումը:

Բակո Սահակյանի խոսքով` Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը՝ սպառնալով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը:

Խոսելով խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն հետևողական է լինելու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներում, այդ թվում՝ շահագրգիռ ատյաններում բարձրաձայնելով, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության բանակցությունների բոլոր փուլերին անհնարին կլինի հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին՝ Նախագահը նշել է, որ այստեղ տեսանելի են դրական զարգացումներ, ինչը և ոգևորիչ է, և պարտավորեցնող: Ոգևորիչ` այն առումով, որ Արցախի հանրապետության ճանաչման գործընթացն առաջ է ընթանում և վկայում է նրա կայացած ժողովրդավարական պետություն լինելու մասին` միաժամանակ հանդիսանալով Արցախի միջազգային ճանաչման կարևոր հիմքերից մեկը: Պարտավորեցնող, որովհետև գրանցված դրական դինամիկան անհրաժեշտ է պահպանել նաև հետագայում:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել արտաքին գործերի նախարարության ներսում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, առկա թերությունների վերացման ուղղությամբ՝ հավելելով, որ պետությունն էլ իր հերթին կանի հնարավորը գերատեսչության առջև ծառացած խնդիրների, անձնակազմի աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման հարցերի լուծմանն աջակցելու համար:
 

Բ. Սահակյան. Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն ամենամեծ խոչընդոտն է