.jpg)
«Արա՛, ես նստելուց չեմ վախում, 3 անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա»
Քանի դեռ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է, բացառված է, որ Մարտի 1-ի որևէ հանձնաժողով որևէ կերպ նպաստի սպանությունների բացահայտմանը ու տա որևէ անաչառ գնահատական: Մտքերի փոխանակությանը՝ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Քանի դեռ դուք կաք, դուք թույլ չեք տալու, որ բացահայտվի ձեր օրոք տեղի ունեցած սպանդը, սա քաղաքական այբուբեն է, մեղադրանք չէ»,- ասաց պատգամավորը` ավելացնելով, որ իր համար զարմանալի է նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին տրված հարցերի բովանդակությանը, ով նշեց, թե ինչու հարցեր չհնչեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանից։
«Հարցեր տայիք Ռոբերտ Քոչարյանին, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ընդդիմադիրները զորքով կրակում են մարդկանց թիկունքից, սպանում են ոստիկաններին ու սա ասվեց բացահայտ, բայց գեթ մեկ հոգի չդատապարտվեց զենք ունենալու համար, էլ չեմ ասում կրակելու համար: Բա մի հատ հարցնեիք՝ ա՛յ, պարոն նախագահ, էդ ի՞նչ ես պատմում: Արտաքին գործերի նախարար կար, ով նույնը տարածեց անգլերենով, սաղ աշխարհին հայտարարեցիք, թե ընդդիմադիրները հարձակվել են զենքով: Բա մի հատ հարցնեիք ... Էդ հարցերը չե՞ք տվել»,-ասաց նա:
«Հոկտեմբերի 27-ի գործով կասկածյալը հարցնում ա, թե ինչի՞ 27-ի գործով հանձնաժողով չստեղծեցիք, դե ստեղծի, ո՞վ ա ձեռդ բռնել, ազնիվ ցուցմունք տուր, կարող ա բացահայտվի»,- ասաց նա: Այդ պահին իր տեղից արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։ Ալեքսանդր Արզումանյանն ի պատասխան ասաց. «Արա՛, ես նստելուց չեմ վախում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա»,- ասաց Ա. Արզումանյանը, ինչը մեծ աղմուկ առաջացրեց ԱԺ դահլիճում, և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդարտության և կոռեկտության կոչ արեց բոլոր պատգամավորներին:
Շարունակելով իր խոսքը՝ Ալ. Արզումանյանն ասաց, որ այսօր խորհրդարանում բացի «Ժառանգությունից» ու ՀԱԿ-ից, բոլորը Մարտի 1-ի կոծկման մասնակից են.
«Մարտի 1-ի ողջ իրողությունը, բոլոր հանգամանքները կբացահայտվեն միայն այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից, երբ ուզում է դա լինի, քավ լիցի, կպահեք, ձեր շնորհքն է, չեք պահի՝ կգնաք բանտ: Սա անիմաստ քննարկում է, չեմ հասկանում մոտիվացիան»:
Եզրափակելով խոսքը` պատգամավորն ասաց, թե արդարությունը միևնույն է հաղթելու է:
Նախորդող հրապարակումներ` «Մարտի 1-ը կբացահայտվի, երբ թեման դադարի կրել քաղաքականացված դրոշմ»
ՀԱԿ պատգամավոր. Ձեր վրա առայժմ տարածվում է անմեղության կանխավարկածը
Նիկոլ Փաշինյան. 2008-ի Մարտի 1-ը ժողովրդական ընդվազման օր էր, որը ճնշվեց