.jpg)
Գ. Մարգվելաշվիլի. Ամեն ինչ անելու ենք հարաբերությունների խորացման համար
Այս այցը շատ կարևոր է, որովհետև հայ և վրացի ժողովուրդները կապված են բազմադարյա բարիդրացիական հարաբերություններով:
Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
«Վրաստանում ապրող հայ ժողովրդի դերը մեծ է Վրաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական զարգացման գործում: Սրա լավագույն ապացույցն է այն, որ իմ պատվիրակության մեջ կան հայ պատգամավորներ ու քաղաքագետներ»,-ասաց Գիորգի Մարգվելաշվիլին:
Հայաստանն ու Վրաստանը, Վրաստանի նախագահի խոսքով, կապված են բազմադարյա պատմությամբ և սա ամուր հիմք է՝ երկու երկրների համագործակցության համար:
«Շատ հաճելի է, որ նման մոտեցում ունի նաև ՀՀ նախագահը՝ չնայած, որ մեր քաղաքական վեկտորները տարբեր են, սակայն հարաբերությունների զարգացման մասին մենք միակարծիք էինք, և փոփոխությունները լինելու են միայն պոզիտիվ, ամեն ինչ անելու ենք հարաբերությունների զարգացման և խորացման համար: Մենք կապված ենք տնտեսական և քաղաքական ընդհանուր մոտեցումներով»,- ասաց Վրաստանի նախագահը՝ ընդգծելով, որ այդ համատեքստում սպասվում է ՀՀ նախագահի այցը Վրաստան:
Ամփոփելով խոսքը՝ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ բոլոր հարցերում միակարծիք են ՀՀ Նախագահի հետ:
Նախորդող հրապարակում՝ «ՄՄ-ին միանալու որոշումը չպետք է ազդի հայ-վրացական հարաբերություններին»