.jpg)
Ս. Մարտիրոսյան. Ադրբեջանցիները .am տիրույթի անվան հետ են փորձում խաղալ
Փետրվարի 26-ին ադրբեջանական հաքերային խումբը AMNIC Net դոմենների գրանցման բազայում DNS հարձակման միջոցով կարողացել էր ձեռք բերել «Արմինքո» պրովայդերի IP-հասցեն, մուտքի կոդն ու գաղտնաբառը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ADC ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ մոտ 300 հայկական կայք, այդ թվում Aysor.am-ը, ենթարկվել էին ադրբեջանական հաքերների հարձակմանը:
Կ. Սարգսյանի խոսքով՝ ADC համակարգը այնպես է կառուցված, որ մենք ամբողջությամբ փակ ենք դրսի հարձակումների համար, սակայն ադրբեջանցիները IP-հասցեով, մուտքի կոդով ու գաղտնաբառով կարողացել են անարգել մուտք գործել համակարգ ու փոփոխություններ կատարել դոմենների գրանցման բազայում:
Ասուլիսի մյուս բանախոս, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ փետրվարի 26-ին ադրբեջանցիների կողմից հայկական կայքերի վրա հարձակումը արդեն երկրորդ պլանային հարձակումն էր, որը յուրահատուկ էր նրանով, որ նրանց հաջողվել էր փոխել որոշ կայքերի հասցեներ և ուղղորդել մեկ ուրիշ կողմ:
Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ հարձակումները, հնարավոր է, շարունակվեն մի քանի օր:
«Նրանց հաջողվել էր փոխել կայքերի DNS տվյալները, և օգտատերը այդ կայքի հասցեն հավաքելիս հայտնվում էր Խոջալուի քարոզչությունը տարածող ուրիշ կայքում»,- ասաց նա:
Ս. Մարտիրոսյանն ասաց, որ ադրբեջանցիների արածը «դպրոցական հաքերի գործ» չէ և նրանք «սրանով փորձում են խաղալ .am տիրույթի անվան հետ և վտանգի տակ դնում կայքերի անվտանգությունը, ինչը ազգային մակարդակի խնդիր է»: