Բաղդասարյան. Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և Մաքսային միության միջև
06/03/2014 13:22

Բաղդասարյան. Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և Մաքսային միության միջև

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին: Այս մասին հայտնում են ԱԱԽ լրատվության ծառայությունից:

Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը` հավելելով, որ ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները: 

Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ ԵՄ-ի և Մաքսային միության միջև, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ:

ԱԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև Անվտանգության խորհրդի և նրա աշխատակազմի աշխատանքների առանձնահատկությունները, ուղղություններն ու նպատակները:

Արթուր Բաղդասարյանն ու Հանս Հորբախը քննարկել են նաև երկու երկրների միջև առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: 

Բաղդասարյան. Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և Մաքսային միության միջև