.jpg)
Արմեն Մարտիրոսյան. 4 ոչ իշխանական ուժերի համագործակցությունը դրական է
Եթե մենք գանք այն իրավիճակին, որ չորս քաղաքական ուժերը՝ ղեկավարների մակարդակով սկսեն համագործակցել, դրական ակնկալիքներ կարող են լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա դրական գնահատեց խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի համագործակցությունը և անդրադարձավ դրա խորացման նպատակով տեղի ունեցող հանդիպումներին.
«Կարծում եմ՝ «Ժառանգությանն» այդ հանդիպման հրավերը խորհրդարանական ֆորմատով կարվի, բայց վարչության մակարդակով հրավեր դեռ չկա: Ես չեմ կարծում, որ այդ հրավերի հետ խնդիր կարող է առաջանալ՝ մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահն անդրադարձավ նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, նշելով, որ անկախ ամեն ինչից շահողի դերում հիմա ուկրաինացի ժողովուրդն է.
«Ուկրաինացները հնարավորություն ստացան կառուցել մի երկիր, որը զերծ կմնա կոռուպցիայից, անարդարությունից: Ցանկացած պարագայում ուկրաինացիները վճարեցին այն գինը, որը պետք էր ազատության համար»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը մեծ սխալ կգործի, եթե առանձնացնի Ղրիմը, քանի որ այդ դեպքում այնտեղ կակտիվանա իսլամական գործոնը: