.jpg)
Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի
Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ քննարկված Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությունը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, որ իր ներկայացրած խմբակցությունը կողմ է քվերակելու` միևնույն ժամանակ կոչ անելով մնացած ուժերին ևս կողմ քվեարկել:
«Եթե իրապես ցանկանում եք ստանալ այն լրջագույն հարցերի պատասխանները, ապա պետք է կողմ քվեարկել: Նրանք, ովքեր թաքցնելու և վախենալու բան չունեն, պետք է կողմ քվեարկեն»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` նշելով, որ իրենց վրա է ամբողջական պատասխանատվությունը.
«Մենք լուրջ ենք մոտենում հարցին, նրանք, ովքեր կարծում են, որ շոուներ անելու ժամանակն է, սխալվում են: Մենք ուսումնասիրել ենք երեք հանձնաժողովների աշխատանքները և նպատակահարմար չենք գտնում մեկ այլ հանձնաժողով ստեղծելը»,- ասաց Գ. Սահակյանը:
Նախագիծը ներկայացնող ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ իր հերթին ասաց, թե քննարկման ընթացքում որևէ պատգամավորի կողմից որևէ բովանդակային առաջարկ չհնչեց:
«Բայց զարմանում եմ՝ բոլորը կողմ են, որ հանցագործությունը բացահայտվի, մարդասպանները պատժվեն, բայց միևնույն է այդ ուղղությամբ բան չի արվում»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց, որ այս ամենը շոու է. «Ես փորձում եմ հասկանալ, թե ինչու չեք քվեարկում: Շատ բան չեմ ուզում ասել, շոու եք անում, իբր կողմ եք, որ բացահայտվի, բայց միևնույն է դեմ եք քվեարկում»:
Այդուամենայնիվ, Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին կողմ քվեարկեց 46 պատգամավոր, դեմ` 66, ձեռնպահ` 1:
Նախորդող հրապարակում՝ «ԲՀԿ-ն կողմ է Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը»
«Ընդդիմությունն ինքը չի ուզում, որ Մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծվի»