.jpg)
Կարեն Սարիբեկյան. Ադրբեջանի պահվածքը լավատեսություն չի ներշնչում
«Եթե Ադրբեջանի նախագահը պետք է հանդիպման գա ու ասի, որ կարող է պատերազմ սկսել կամ որ ադրբեջանական բանակն ամենաուժեղն է, արդեն իսկ կարող ենք ասել, որ այդ հանդիպումը ձախողված է»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը:
Կ. Սարիբեկյանի խոսքով՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները ու տարիների ընթացքում ձեռնարկված քայլերը լավատեսություն չեն ներշնչում ու դժվար է ասել՝ առհասարակ հնարավոր կլինի նախագահների հանդիպում կազմակերպել:
«Համանախագահների խնդիրն է հանդիպումներ կազմակերպել կամ կողմերի հետ փաստաթղթեր քննարկել, սակայն նախագահների մակարդակով հանդիպումները օգտակար են լինում այն դեպքերում, երբ կողմերը դրան ներկայանում են ինչ-որ խնդիր լուծելու պատրաստակամությամբ: Եթե անկեղծ ասեմ՝ ես լավատես չեմ այս հարցում»,- հավելեց նա:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նշել է, թե` «Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այս ամիս կհանդիպեն»: