.jpg)
Դումանյան. 5 տարի կկարողանանք 100 %-ով ապահովել ինսուլինակախյալ հիվանդներին
«Անցած տարվա գնումների մեջ ինսուլինի գնման հետ կապված բավականին մեծ խնայողություն ունեցանք` ուղիղ գնումներ կատարելով արտադրողից, և այդ խնայողության շնորհիվ 5 տարի մենք կկարողանանք 100 տոկոսով ապահովել ինսուլինակախյալ հիվանդներին»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նախարարի խոսքով՝ ներկայումս Հայաստանում ինսուլինակախյալ հիվանդների թիվը 12.800 է, յուրաքանչյուր տարի 1200-ով ավելանում է նոր հիվանդների թիվը, որոնք կարիք ունեն ինսուլին ստանալու:
«Նախկինում, երբ պլանավորվում էր տարվա դեղորայքի գնումը, չէր նախատեսվում նոր հիվանդների թիվը և ըստ այդմ առաջանում էր դեֆիցիտ տվյալ տարվա հիվանդների սպասարկման առումով: Բայց հիմա այդ խնդիրը լուծվել է և խնայողությունների հաշվին պետությունը հասցրել է ինսուլինակախյալ հիվանդներին դեղորայքով ապահովել»,- ասաց նախարարը:
Դ. Դումանյանը հավաստիացրեց, որ ձեռք է բերվում ամենաորակյալ դեղորայքը և որակի մասին խոսելն ավելորդ է. «Առաջին հերթին 100 տոկոսով կապահովենք բոլոր պահանջարկ ունեցող հիվանդներին»: