«Արաբո» ջոկատի մարտիկներն այսօր պետական պարգևներ են ստացել
14/03/2014 18:51

«Արաբո» ջոկատի մարտիկներն այսօր պետական պարգևներ են ստացել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Մարտունու շրջանի Վարանդա գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը Վարանդա բնակավայրի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ և հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրել է «Արաբո» ջոկատի մի խումբ ազատամարտիկների:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարևորել է բնակավայրի ազատագրումը ռազմավարական տեսանկյունից, առանց որի անհնարին կլիներ ապահովել Մարտունու շրջանի անվտանգությունը:

Նախագահի խոսքով` այն, որ մեր զոհված քույրերի ու եղբայրների հիշատակին կառուցվել են բազում հուշարձաններ և Արցախում,և Հայաստանում, վկայում է, որ մեր ազգի նվիրյալները և նրանց հերոսությունը չեն մոռացվել, որ նրանք միշտ մեզ հետ են և շարունակում են հայրենասիրության ու անձնվիրության օրինակ լինել մատաղ սերնդի համար:

Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից:
 

«Արաբո» ջոկատի մարտիկներն այսօր պետական պարգևներ են ստացել