Գալուստ Սահակյան. Պետք է քնքուշ վերաբերենք ընդդիմադիրներին
14/03/2014 15:01

Գալուստ Սահակյան. Պետք է քնքուշ վերաբերենք ընդդիմադիրներին

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նախ պետք է փորձեին գաղափար առաջ քաշել, հետո համաձայնության գալ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Հիմա այստեղ խնդիր կա՝ ընդդիմությունն այլընտրանք է դառնո՞ւմ, թե՞ այլընտրանքն է ընդդիմություն դառնում: Ոնց որ թե առաջինն է տեղի ունենում»,- ասաց Գ. Սահակյանը:

Այդ ուժերից առանձին գործիչներ, պատգամավորի խոսքով, հայտարարում են, որ պետք է համակարգային փոփոխություններ իրականացնել, բայց գաղտնի են պահում, թե դրանից հետո ով պետք է գա իշխանության:

«Սակայն հասարակությունը պետք է հարցադրում հնչեցնի, որ չէ՞ որ դուք ժամանակին իշխանության մաս եք կազմել և բավականին լուրջ մաս: Հասարակությունը պիտի հարցնի՝ ձեզանից ո՞վ է գալու իշխանության, եթե բոլորդ եք գալու, ինչ-որ բան ասեիք, անեիք էն ժամանակ»,- ասաց խմբակցության ղեկավարը:

ՀՀԿ-ն, շարունակեց խոսքը Գ. Սահակյանը, կողմնակից է, որ քաղաքական դաշտում մարդիկ միասնական հանդես գան. «Այդ ուժերի կազմում ոչ միայն տարբեր գաղափարների, այլև տարբեր որակների մարդիկ կան, սակայն, ամեն ինչից, մենք էլ, դուք էլ պետք է քնքուշ վերաբերենք նրանց, ինչ-որ բան ստացվի»:

Անդրադառնալով 4 ուժերի ներկայացուցիչների հայտարարություններին, թե ՀՀԿ-ն կարող է միանալ իրենց` միասին իշխանափոխություն անելու համար, Գ. Սահակյանն ասաց, որ ժամանակին մեծ մասը միացել են իրենց, ինչո՞ւ գնացին, «որ հիմա աղերսներ են ուղարկում, որ միանանք: Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա: Ժամ առաջ կցանկանային միանալ մեզ, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել»:

Եզրափակելով խոսքը` նա նշեց, որ ոչ իշխանական ուժերի նպատակը պաշտոն ուզելն է և նրանք ցանկանում են իշխանության գալ:
 

Գալուստ Սահակյան. Պետք է քնքուշ վերաբերենք ընդդիմադիրներին