Սերժ Սարգսյանը ծանոթացավ կառավարական նորակառույց շենքի շինաշխատանքներին
14/03/2014 15:50

Սերժ Սարգսյանը ծանոթացավ կառավարական նորակառույց շենքի շինաշխատանքներին

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նոր կառուցվող կառավարական մասնաշենք, ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին:

Լրագրողների հետ զրույցում Կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հաղորդեց, որ կառավարական նորակառույց համալիրում, որը կառուցվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, շինարարության ավարտից հետո տեղակայվելու են Արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, արդարադատության նախարարությունները:

Շինարարությունն իրականացվում է 5 հազար քմ-ի վրա. ԱԳՆ-ն տեղակայվելու է շենքի ճակատային հատվածում, իսկ արդարադատության և էներգետիկայի նախարարությունները` հարևանությամբ:

Ն. Սարգսյանը փոխանցեց նաև, որ նոր մասնաշենքում ԱԳՆ-ն ունենալու է կրկնակի տարածք, քան ուներ նախկին շենքում, տարածք է տրամադրվելու նաև պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար:

«Կկառուցվի ևս մեկ մասնաշենք Տարածքային կառավարման նախարարության և Սփյուռքի նախարարությունների համար»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Նորակառույցի շինաշխատանքներում, բանախոսի տեղեկացմամբ, օգտագործվել է տեղական շինանյութ, իսկ ֆասադի սպիտակ հանքաքարը բերվել է Արցախից:

Շինության ներքին հարկում կառուցվում է երկու ավտոկայան` ստորգետնյա և վերգետնյա, շինաշխատանքներում ներդրվելու է 10.9 մլրդ դրամ, շինաշխաատքններն իրականացնում է «Սպիտակ Տնակ» կազմակերպությունը, իսկ կառավարական մասնաշենքը պատրաստ կլինի 2015թ-ի աշնանը:
 

Սերժ Սարգսյանը ծանոթացավ կառավարական նորակառույց շենքի շինաշխատանքներին