Նախագահի հրաժարականի հարցը քննարկվե՞լ է Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպմանը
15/03/2014 11:45

Նախագահի հրաժարականի հարցը քննարկվե՞լ է Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպմանը

Ինչպես հայտնի է, նախօրեին կայացել է «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:

Հանդիպմանը հաջորդեց երկու քաղաքական ուժերի հաղորդագրությունները, որոնք, որպես այդպիսին, ոչ մի նոր տեղեկատվություն չէին պարունակում:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հանդիպմանը մասնակից «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, դրա ելքերը. «Ներկայացրել ենք իրավիճակի և ելքերի մեր առաջարկները, որոնք բավականին նման էին, երկուսս էլ կարծում ենք, որ միայն միասնության կոնսոլիդացիայի արդյունքում է հնարավոր երկիրը դուրս բերել այս վիճակից»:

Հարցին, թե հանդիպմանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չի՞ քննարկվել, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ բովանդակային քննարկումների մասին չի կարող մեկնաբանություն տալ, քանի որ  հանդիպումները և քննարկումները շարունակվում են:

Դիտարկմանը, թե չորս ուժերը հանդիպեցին, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, Ա. Մարտիրոսյանն ասաց, որ մնացյալը քննարկումների, հանդիպումների խնդիր է, իսկ թե հետագա հանդիպումները կլինեն ղեկավար կազմի մակարդակով, նրա խոսքով, դա ժամանակի հարց է:

Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբիկ Հակոբյանը և Հովսեփ Խուրշուդյանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը:

Նախագահի հրաժարականի հարցը քննարկվե՞լ է Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպմանը