Հ. Սահակյան. Հայաստանում ու Ուկրաինայում տարբեր գործընթացներ են
17/03/2014 15:23

Հ. Սահակյան. Հայաստանում ու Ուկրաինայում տարբեր գործընթացներ են

Հայաստանում ու Ուկրաինայում ընթացող զարգացումների միջև համեմատականներ անցկացնելը սխալ եմ համարում: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորը նշեց, որ ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինան վաղուց նախաստորագրել էր Ասոցացման համաձայնագիրը ու իր հասարակությանը պատրաստել այդ փաստաթղթի ստորագրմանը:

«Դրանից զատ, Ուկրաինայի հետագա քայլերն այդ հարցում ո՛չ ՌԴ-ի համար էին ընկալելի, ո՛չ ԵՄ-ի: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ինտեգրացիոն ուղղությունների վերաբերյալ մեր երկրում բազմաթիվ քննարկումներ եղավ, մենք զուգահետ բանակցում էինք և ՌԴ-ի և ԵՄ-ի հետ` հասկանալու, թե ինչ է մեզ տալու այս կամ այն պրոյեկտին միանալը:

Արդյունքում, մենք որոշում ընդունեցինք միանալ Մաքսային միությանը, իսկ Եվրոպայի հետ շարունակում ենք համագործակցել այլ ուղղություններով: Ամեն դեպքում մեր դիրքորոշումը ընկալելի էր բոլոր կողմերի համար»,- հավելեց նա:

Հ. Սահակյանը նշեց, որ զարմանքով է վերաբերում այն ուժերի ու գործիչների հայտարարություններին, ովքեր մեծ խանդավառությամբ էին վերաբերում Մայդանում տեղի ունեցող զարգացումներին ու համոզմունք հայտնում, թե Հայաստանում ևս պետք է այդ ճանապարհով իշխանափոխություն իրականացնել:

Ըստ նրա` այն, ինչ ունի այսօր Ուկրաինան` քաղաքական ճգնաժամ, տնտեսության փլուզում, կառավարման համակարգի փլուզում, մեծ թվով զոհեր ու վիրավորներ, չի կարող Հայաստանի համար օրինակ ծառայել:

«Դա չէ իշխանության հասնելու ճանապարհը, դա միայն նոր խնդիրներ ու ճգնաժամեր կառաջացնի»,- ասաց նա: 

Հ. Սահակյան. Հայաստանում ու Ուկրաինայում տարբեր գործընթացներ են