ԿԳ նախարարը չի ընդառաջի. 93 ուսանող դուրս կմնա Բժշկական համալսարանից
18/03/2014 14:27

ԿԳ նախարարը չի ընդառաջի. 93 ուսանող դուրս կմնա Բժշկական համալսարանից

Մխիթար Հերացու անցան պետական բժշկական համալսարանի 93 ուսանողներին մենք այս տարի չենք ընդառաջի: Այս մասին այսօր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց կատարած այցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը:

Թեմային մենք ավելի վաղ անդրադարձել էինք: Բանն այն է, որ Բժշկական համալսարանի 93 ուսանող զրկվել են լուծարքների մարման 3-րդ շրջանից: Օրեր առաջ այդ ուսանողները նամակով դիմել էին նախարարին ու հիշեցրել՝ նախորդ տարի նրանց տրվել է այդ հնարավորությունը.

«Եղել են դեպքեր, երբ անգամ 4-րդ ու 5-րդ հնարավորությունն է տրվել ներքին կարգով»,- գրել էին նրանք:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Աշոտյանը պատասխանեց նամակին.

«Անցյալ տարի բացառություն արել ենք: Ուսանողների թիվն ավելի մեծ է եղել` շուրջ 200 հոգի: Անկեծ ասած, բուհի ֆինանսական կայունության համար որոշակի խնդիրներ կարող են ստեղծվել: Բայց ամենակարևոր պատճառը, թե ինչու այս տարի ես չեմ ընդառաջում Բժշկական համալսարանից դուրս մնացած ուսանողների խնդրանքին, շատ պարզ է: Բուհն այս տարի իջեցրել է քննական շեմը, մինչև քննությունների մեկնարկն ավելի բարձր շեմ էր, արդեն բուհն ընդառաջել է ուսանողներին` շուրջ 10 միավորով իջեցնելով մինիմալ շեմը: Արդեն իջեցված շեմով քնննությունները չհաղթահարած ուսանողներին մենք չենք կարող ընդառաջել, բժիշկը պետք է լավ սովորի»,- ասաց նախարարը՝ ընդգծելով՝ եթե ուսանողները չեն կարողացել հաղթահարել մինիմալ շեմը, բուհը չի կարող վարել չսովորող ուսանողին պահելու ինքնանպատակ քաղաքականություն:

Սրան զուգահաեռ Բժշկական համալսարանի ուսանողները պնդում են, որ մյուս բուհերին ու ֆակուլտետներին տրվում է 3-րդ մարման հնարավորություն.

«Այո, բժիշկը պետք է որակյալ լինի, բայց միթե՞ մեզ որակյալ իրավաբաններ ու տնտեսագետներ պետք չեն»,- հարցնում են նրանք:

Նախորդող հրապարակում՝ Բժշկական համալսարանի 94 ուսանողներ հեռացման եզրին են. Նրանք դիմել են ԿԳՆ
 

ԿԳ նախարարը չի ընդառաջի. 93 ուսանող դուրս կմնա Բժշկական համալսարանից