.jpg)
Պատգամավոր. Ադրբեջանցիները «զենքի լեզվից» բացի այլ բան չգիտեն
«Մենք նախադեպ ունենք այդ հարցում, ժամանակին, երբ ադրբեջանցիները գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակ էին բացում խաղաղ բնակչության ուղղությամբ, հայկական կողմն էլ մի քանի անգամ շատ կրակ էր բացում իրենց գյուղերի ուղղությամբ: Արդյունքում, ադրբեջանցիներն ամեն ինչ անում էին ներքին բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք բերելու ու փոխադարձ զսպվածություն ցուցաբերելու համար»,- Aysor.am-ի հարցին, թե ինչպե՞ս սահմանամերձ բնակավայրի բնակիչներ կարող են մշակել իրենց այգիները, երբ դրանք անընդհատ հակառակորդի կրակի տակ են, իսկ լուծում այդպես էլ չի տրվում այդ մարդկանց, ասաց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:
Նրա խոսքով` պատմությունը ցույց է տվել, որ ադրբեջանցիների այլ լեզու, քան զենքինն է, չգիտեն, ու նրանց քայլերին պետք է կոշտ հակազդել:
«Սահմանամերձ շրջաններում մարդիկ մեծ թվով խնդիրներ ունեն ու դրան էլ, երբ ավելացնում ենք հակառակորդի համար տեսանելի վայրում աշխատանք կատարելը, իրավիճակը լրիվ բարդանում է: Նման իրավիճակներում, երբ ադրբեջանցիները թքած ունենալով միջազգային հանրության ու միջազգային իրավունքի վրա կրակում են խաղաղ բնակչության վրա, այլ ճանապարհ չկա, պետք է ամեն գնով կասեցնել հակառակորդին: Կրկնում եմ` ամեն գնով, այլ ճանապարհ չկա»,- հավելեց նա: