.jpg)
Պետրոս Գերպեկչյան. Բանակցությունները կակտիվանան
Ուկրաինայում զարգացող իրադարձությունները բերեցին նրան, որ Ղրիմում մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներից պարզ դարձավ նրա` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հավանականությունը: Նման զարգացումները սրեցին արևմտյան կողմի դիրքորոշումը, դրդելով նրանց Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառել: Ռուսաստանը իր հերթին արևմուտքի պատժամիջոցներին դիմելու քաղաքականությանը հանդես եկավ կոշտ դիրքորոշմամբ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Պետրոս Գերպեկչյանը:
Նրա խոսքով` այս զարգացումները կարող են նաև իրենց դրական կամ բացասական ազդեցությունը ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք իր միկրոբլոգում գրել էր, թե «պետք է դասեր քաղել Ուկրաինայի իրադարձություններից»: Կարծում եմ, որ համանախագահ երկրները դասեր քաղելով ուկրաինական դեպքերից` փորձելու են ամեն ինչ անել ԼՂ հարցում սրացումներ թույլ չտալու համար: Սա նշանակում է, որ բանակցային գործընթացում ակտիվացում է լինելու, միջնորդները փորձելու են ապահովագրել իրենց` անցանկալի դեպքերից»,- ասաց նա:
Վերջինս հիշեցրեց, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, որի հաջող ավարտից հետո կարելի է ակնկալել նախագահների մակարդակով հանդիպման: