Տիգրան Սարգսյան. «Կամ-կամ սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է»
20/03/2014 17:33

Տիգրան Սարգսյան. «Կամ-կամ սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է»

ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում Է, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ գրասենյակում այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Հայաստանի Հանրապետություն- Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի համատեքստում ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։

Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է որ, «կամ-կամ-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»։

Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին։
 

Տիգրան Սարգսյան. «Կամ-կամ սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է»