20/03/2014 13:38
Ուկրաինայի դեսպան. Արցախի հարցում Ուկրաինան իր դիրքորոշուոմը հայտնել է
Ուկրաինա-Հայաստան հարաբերությունները վերջին մի քանի դարերի ընթացքում շատ լավ են զարգանում ու, համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ուկրաինան իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է, որ այս հիմնախնդրի կարագավորումը պետք է իրականանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Անդրադառնալով Արցախի մասին Մայդանում «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի հայտարարությանը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` դրանում ներառելով Արցախը, Ի. Կուխտան ասաց, որ թեև Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ցանկացած երկրի, պետության կամ իրադարձության մասին իր կարծիքը արտահայտել, սակայն դա չի նշանակում, որ այն Ուկրաինայի պաշտոնական տեսակետն է:
Ուկրաինայում հայ համայնքի վերաբերյալ դեսպանը նշեց, որ որևէ ազգային փոքրամասնության իրավունքները Ուկրաինայում չեն ոտնահարվում, և ինքն էլ կիսով չափ ռուսական արմատներ ունենալով՝ իրեն այնտեղ որևէ մեկը չի խանգարել:
«Ուկրաինայում հայ համայնքը ամենամեծերից մեկն է: Թեև պաշտոնական տվյալներով՝ հայ համայնքի թիվը 120-150 հազար է, բայց դա 2001 թ. մարդահամարի արդյունքներով է, իսկ իմ կարծիքով, Ուկրաինայում հիմա ապրում են 300-350 հազար հայ, ու հայերը ներկայացված են իշխանության գրեթե բոլոր օղակներում: Հայ մշակույթը ներկայացնելու առումով էլ, չեմ կարծում, որ որևէ խնդիր կա»,-ասաց նա, նշելով, որ մարդիկ կան, ովքեր հորինված պրոբլեմներ են ներկայացնում:
Դեսպանը նշեց, որ ԱՊՀ արտգործնախարարները մինչ այժմ Ուկրաինայում առկա վիճակը քննարկելու ժամանակ չեն գտել ու Ուկրաինան հայտարարել է, որ ցանկանում է դուրս գալ ԱՊՀ կազմից, որովհետև անիմաստ է մնալ մի կառույցում, որտեղ միայն հավաքվում են թեյ ու սուրճ խմելու:
Ղրիմում կատարվածի վերաբերյալ նա ասաց, որ այն խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը: Անդրադառնալով ուկրաինացի ծայրահեղականների կողմից ուկրաինական «Առաջին ալիքի» տնօրենին ծեծելուն, Ի. Կուխտան դա անընդունելի և Ուկրաինայի համար խայտառակություն որակեց:
Նախորդող հրապարակումներ՝ Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից և վիզային ռեժիմ սահմանում ՌԴ-ի հետ
Ուկրաինայում պատգամավորները ծեծել են «Առաջին ալիքի» տնօրենին (Տեսանյութ)