.jpg)
Մարտակերտում վիրավորված սպայի վիճակը կայուն է. Նա վիրահատվել է
Նախօրեին Մարտակերտում վիրավորված սպա Վարազդատ Զաքարյանի վիճակը կայուն է: Նա վիրահատվել է: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից:
«Զաքարյանի վիճակը կայուն է: Նա ուներ երկու հրազենային վերք՝ զույգ ազդրերի ու սրունքի սահմաններում: Վերքերից մեկում կար գնդակ, որը հանելու համար պահանջվել է վիրահատական միջամտություն: Հիմա նա արդեն տեղափոխվել է պալատ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց սպային բուժող բժիշկ Գարիկ Ազրյանը:
«Դուրսգրման մասին դեռ շատ շուտ է խոսել: Հիմա նա մեր հսկողության տակ է»,- ասաց բժիշկը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:
Հրազենային վիրավորում էր ստացել նաև սպա Վարազդատ Զաքարյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Զինվորի մահվան և սպայի վիրավորվելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Զոհված զինվորը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր
Մարտական դիրքերում զինվոր է զոհվել. Մեկ սպա էլ վիրավորվել է