Gallup. Քաղաքացիների 88.7%-ը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին
25/03/2014 13:00

Gallup. Քաղաքացիների 88.7%-ը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին

Gallup International-ը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քաղաքացիների վերաբերմունքը պարզելու համար հետազոտություն է անցկացրել: Ըստ այդ հետազոտության՝ քաղաքացիների 88.7%-ը դեմ է  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:

Նա նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված գովազդային արշավի շնորհիվ այս օրենքի մասին լսել է հարցվածների 93%-ը:

Նրա խոսքով՝ օրենքին դեմ արտահայտվողների 34.3%-ը դեմ է, որովհետև կուտակված գումարները հետ ստանալու երաշխքիներ չունեն, 32.9%-ը չեն վստահում կառավարությանը, 27.3% կարծիք են հայտնել, որ 5% պահումը աշխատավարձից բավականին մեծ գումար է:

Գ. Դաջունցը նշեց, որ օրենքին կողմ արտահայտվողների 46.2%-ը նշել են, որ կողմն են համակարգին, որովհետև պետությունը իր ներդրումն է ունենալու իր քաղաքացիների բարեկեցիկ ապագայի գործում, 44.6%-ը նշել է, որ հետագայում այս օրենքի շնորհիվ իրենք բարձր թոշակներ կստանան, 21.2%-ի կարծիքով՝ այս համակարգը զարգացած երկրներում ընդունված համակարգ է:

«Այս ցուցանիշները վառ ապացույցն են այն հանգամանքի, որ եթե  մեր քաղաքացիները պատշաճ կերպով և բավարար ծավալով տեղեկություններ չեն ստացել կամ չեն ստանում կիրառվող համակարգի վերաբերյալ, ապա այդ տեղեկատվական վակուումը միշտ պատրաստ են տեղին կամ անտեղի լրացնել նախկին բացասական փորձառությունները, մասնավորապես, Խնայբանկի կորցրած գումարների բարդույթը»,-հավելեց Գ. Դաջունցը: 

Gallup. Քաղաքացիների 88.7%-ը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին