Ս. Սաֆարյան. Արցախում Քեսաբի բնակիչների տեղավորումը ամենալավ տարբերակը չէ
26/03/2014 13:51

Ս. Սաֆարյան. Արցախում Քեսաբի բնակիչների տեղավորումը ամենալավ տարբերակը չէ

Քեսաբի բնակչության տարհանումը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ 2011 թ.-ից ի վեր ՀՀ կառավարությունը որոշ նվազագույն ծրագրեր է իրականացրել՝ հայերին այստեղ վերաբնակեցնելու հետ կապված, իսկ այսօր հայտնվել ենք հետևանքներին հակադարձելու խնդրի առջև:

«Այսօր ստիպված ենք Քեսաբի մեր հայրենակիցներին ասել, որ հայրենիքը ձեզ հետ է, բայց բարոյապես: Հայաստանը իր հնարավորությունների չափով պետք է աջակցեր Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին, ինչը չարեց, և այսօր մենք կանգնած ենք հետևանքներին հակադարձելու խնդրի առջև»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանից և Արցախից Քեսաբ կամավորական ստորաբաժանում ուղարկելուն՝ Ս. Սաֆարյանն ասաց, որ Թուրքիան գիտակցել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերն ուժեղացել են, և ինքը չգիտի՝ այս առումով որքանո՞վ է անհրաժեշտ Հայաստանի միջամտությունը: 

Նրա խոսքով՝ Արցախում Քեսաբի բնակիչների տեղավորումը ամենալավ տարբերակը չէ և վկայում է անճարության մասին, քանի որ պետք է պետությունը կարողանա ապահովել իր համայնքների գոնե նվազագույն անվտանգությունը: 

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսապ ավանի վրա:

Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա ու գիշերել Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը և Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը մեկնել են Սիրիայի Հանրապետություն:

Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ` Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր:

Նախորդող հրապարակում՝ Սիրիական բանակին հաջողվել է գրոհայիններից ազատել Քեսաբը

Ս. Սաֆարյան. Արցախում Քեսաբի բնակիչների տեղավորումը ամենալավ տարբերակը չէ