Որոշվել է քննարկել «Զվարթնոցի» կլոր շենքի պահպանման հնարավորությունները
26/03/2014 15:18

Որոշվել է քննարկել «Զվարթնոցի» կլոր շենքի պահպանման հնարավորությունները

ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ:

Գրիգոր Ազիզյանը հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել է օդանավակայանի հետագա զարգացման ծրագիրը «Զվարթնոցի» կլոր շենքի պահպանմամբ իրականացնելու հնարավորությունը:
Այդ առումով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի ճարտարապետ-կոնստրուկտորները նույնպես մասնակցեն կոնցեսիոների կողմից նոր նախագծի մշակման աշխատանքներին` համատեղ քննարկելով կլոր շենքի պահպանման բոլոր հնարավորությունները:

Հանրային խորհուրդը շարունակելու է հետևել գործընթացին և պատրաստակամ է կոնցեսիոների հետ քննարկելու համալիրի պահպանման և հետագա շահագործման հետ կապված խնդիրները:

«Հանրային խորհուրդը ՀՀ մշակույթի նախարարության համապաատասխան կառույցին առաջարկում է քննարկել ՀԽ դիրքորոշման մեջ ամրագրված այն դրույթը, որը վերաբերում է «Զվարթնոցի» կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությանը:

Հանրային խորհուրդը բարձր է գնահատում ՀՀ կառավարության և կոնցեսիոների պատրաստակամությունը` հաշվի նստել հանրային կարծիքի հետ և քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոցի» կլոր շենքին»,-ասված է ՀԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը նախորդ տարի դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հանձնաժողովնրում տեղի ունեցած քննարկումներն ու հանրային կարծիքը, դեմ էր արտահայտվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու առաջարկին: 

Նախորդող հրապարակումներ՝ Ինչպե՞ս եղավ, որ «Զվարթնոցի» հին շենքը հանկարծ դարձավ ոչ սեյսմակայուն

12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը

ՀԽ Մշակույթի հանձնաժողովը որոշեց «Զվարթնոցի» հարցով դիմել նախարարություն

Ճարտարապետներն առաջարկում են կառավարչից հետ վերցնել «Զվարթնոցի» հին շենքը


 

Որոշվել է քննարկել «Զվարթնոցի» կլոր շենքի պահպանման հնարավորությունները