.jpg)
Արմեն Ռուստամյան. Հայաստանի՝ «դեմ» քվեարկությունը ճիշտ էր
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանի՝ «դեմ» քվեարկությունը ճիշտ էր: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևին, որով Ղրիմում օրերս կայացած հանրաքվեն օրինական ուժ չունի, այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Ձեռնպահ` նշանակում է, որ կողմ չէ: Հայաստանն իր «դեմ» քվեարկությամբ ավելի հստակ ներկայացրեց դիրքորոշումը, որ կիրառվում են երկակի ստանդարտներ։ Ձեռնպահը նույնն է, դրա համար ես ավելի շատ «դեմ»-ին եմ կողմ, միանշանակ կարելի է ասել կամ այս կողմ ես, կամ՝ այն»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Նրա խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ է վայրիվերումների մեջ է:
«Խոսքը հետևյալի մասին է. ի վերջո, հանրաքվեն տեղի է ունեցել, թե չէ մնացած հարցերի հետ գործ չունենք։ Իսկ Հայաստանը չի կարող դեմ լինել այն հանրաքվեին, որն իսկապես եղել է ժողովրդի կամքի արտահայտում։ Ես չեմ պատկերացնում, որ ժողովրդի երկու հատվածները միացվեն ստիպողաբար։ Ո՞ւմ համար է կասկածելի, որ 75% ռուսներ են ապրում Ղրիմում: Ի՞նչ է նշանակում` ռուսները չե՞ն ցանկացել միանալ ռուսների հետ»,- հարցրեց նա` նկատելով, որ ժողովրդի կամքի արտահայտում, միանշանակ, եղել է:
Միջազգային կառույցները, ՀՅԴ պատգամավորի խոսքով, պետք է հասկանան, որ չի կարելի ժողովրդի կամքին հակառակ լուծումներ կայացնել:
Այդ երկրները ժամանակի ընթացքում, շարունակեց խոսքը Ա. Ռուստամյանը, իրենց տեսակետը փոխելու են, ինչպես եղավ ռուս-վրացական պատերազմի ժամանակ. «Ես վստահ եմ, որ Ղրիմի ժողովուրդն իսկապես ցանկացել է դրսևորել իր ազատ կամքը»:
Ա. Ռուստամյանը վստահ է, որ «կողմ» քվեարկածները պակասելու են, իսկ «ձեռնպահ» քվեարկածները հակված են լինելու ճանաչելու հանրաքվեի արդյունքները.
«Մնացածը քաղաքական շահեր են, որոնք ամբողջ աշխարհում բերել են երկակի ստանդարտների կիրառման։ Այդ երկրներն ինչպե՞ս են բացատրելու, որ Կոսովոյին կողմ են եղել, իսկ Ղրիմին՝ դեմ»,- ասաց նա:
Հարցին, թե այս դեպքում ո՞րն է Հայաստանի շահը, Ա. Ռուսատմյանն ասաց, որ ՀՀ շահն այստեղ շատ հստակ է. «Մենք ունենք մեր առանձնահատկությունը. Ղարաբաղի խնդիրը և մյուս բոլոր կոնֆլիկտներն ունեն իրենց առանձնահատկությունները, պատմությունը, կենսագրությունը և էությունը, և ես դեմ եմ Ղարաբաղ-Ղրիմ նույնացման նշան դնելուն, բայց ազատ կամքի դրսևորումն ու ինքնորոշման իրավունքի իրացումը չենք կարող ասել սխալ է, նույնիսկ մարդու իրավունքներից էլ վեր սկզբունք է»:
Եզրափակելով խոսքը` Ա. Ռուսատմյանն ասաց, որ բոլոր այս կոնֆլիկտները Խորհրդային միությունից ժառանգություն են, դրանց հիմքերը ստեղծել է Խորհրդային միությունը, այն փլուզվեց և կոնֆլիկտները մտան ակտիվ փուլ։
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացվել է քվերակություն՝ Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի ընդունման համար։
Քվեարկության արդյունքում բանաձևին կողմ է արտահայտվել 100 երկիր, 58-ը ձեռնպահ, իսկ դեմ` 11 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։
նախորդող հրապարակում` «ՀՀ-ն կողմ է քվեարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման օգտին»