.jpg)
«Այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ Ցեղասպանության ճանաչման մասին»
Բարև Երևան, Բարև Հայաստան, բոլորիս պայքարը շարունակվում է: Քիչ առաջ Ազատության հրապարակում այս բառերով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց այսօրվա հանրահավաքը:
«Ես այս հավաքն անվանել եմ հանրային նախահավաք, որովհետև այս Ազատության հրապարակը շուտով լինելու է միացյալ ու դառնալու է ազգահավաքի միացյալ հրապարակ: Այսօր առանց որևէ հավակնության հիշեցնում եմ մեր առաջնային թեմաները՝ ինքնիշխան Հայաստանի ձևավորում, իշխանությունը՝ ժողովրդին և հեղափոխություն, որ մենք պարտավոր ենք անել, ի կատար ածելով սահմանադրության տառն ու ոգին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այնուհետև «Ժառանգության» առաջնորդն անդրադարձավ նախօրեին Ղրիմի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ում տեղի ունեցած քվերակությանը.
«Երեկ ՄԱԿ-ում կատարվեց քվեարկություն և բոլորս գիտենք, թե մեր երկրի կեղծընտիր իշխանություններն ինչպես քվեարկեցին, անգամ Չինաստանի, Ղազախստանի նման չկարողացան ձեռնպահ քվեարկել և ՀԱՊԿ մյուս անդամների նման չմասնակցել քվեարկության: Ասում եմ՝ այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ Ցեղասպանության ճանաչման, Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին: Կարող ենք մոռանալ ՀՀ անկախության, մարդու իրավունքների, ազատ ընտրությունների մասին: Այս իշխանությունը վերից վար պիտի փոխվի և ով հավատում է այդ հրամայականին, պիտի միացյալ հրապարակ կերտի ու հաղթահարի սեփական հեքիաթն ու սեփական մեղքը»,- ասաց Րաֆֆի Հովհանիսյանն ու նշեց, որ այսօր երկար չի խոսի.
«Փոխարենը կխոսեն մեր մյուս ներկայացուցիչները, իսկ այս հավաքի ավարտին խորհրդակցություն կլինի ու ձեզ տեղյակ կպահենք մեր հետագա քայլերի մասին»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացվեց քվերակություն՝ Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի ընդունման համար։
Քվեարկության արդյունքում բանաձևին կողմ արտահայտվեց 100 երկիր, 58-ը ձեռնպահ մնացին, իսկ դեմ քվեարկեց 11 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։